— Տե՛ր իմ, ո՞ր հանցավորը հանցանքն կը խոստովանի։
— Բայց պատմության ձևին մեջ ճշմարտությունը կը հայտնվի:
— Քանի որ ինձ հավատացիք առաջին անգամ հայտնի է որ պատմությանս ձևը ճշմարտությունը կը պարունակեր։
— Բայց քանի որ երկուքեն մեկը սուտ խոսած է ո՞վ կապահովեր զիս թե սուտ խոսողը դուն չես։
— Տե՛ր իմ, պարոնը զոր անձամբ տեսաք, ըսածս կը հաստատե։ Իրավունք չունեի՞ ըսելու թե դուք ձեր աչոքն եթե չտեսնեիք զինքը՝ տիկինը կարող էր անոր ներկայությունը ուրանալ։
— Դու ներկա չէիր մինչ այդ պատմած անցքերդ տեղի կունենային. ուստի ի՞նչպես կրնաս հաստատել թե պատմածիդ մեջ սխալմունք չկա։
— Տեր իմ, ժամանակին հասա աչոքս տեսնելու համար թե տիկինը այդ պարոնին գիրկն էր:
— Բայց այդ երիտասարդր տիկնոջ գրեթե եղբայրն է:
— Տեսածս հետևանքն էր չտեսածիս։
— Ո՞վ է ուրեմն վկան չտեսածիդ։
— Մարիա՛մը, տեր իմ։
— Մարիա՞մը։
— Այո՛, տեր, Մարիամն իսկ։
— Թող Մարիամը շուտ հոս բերվի։
Մինչ Մելքոն կը պատրաստվեր երթալ աղջիկը կոչելու.
— Դո՛ւ տեղդ կեցիր,— հրամայեց Դարեհյան,— ուրիշ սպասավոր մի երթա զինքը կոչելու։
Զանգակը զարկավ Դարեհյան, սպասավոր մի ներկայացավ։
— Գնա՛ Մարիամին ըսե որ անմիջապես հոս գա։
Մեկնեցավ սպասավորը մինչև Մելքոնի սիրտն սկսավ տրոփել թե գուցե աղջիկը ստելու կարողություն չունենա։ Ինքն ուզած էր երթալ զինքը բերելու որպեսզի ժամանակ ունենա անոր սրտին խոսելու, և այդ հաշիվը չի կարողացավ զործադրել։ Ի՞նչ պիտի ըներ Մարիամն արդյոք, պիտի մատնե՞ր զինքն զտիրուհին ազատելու համար։