— Զայդ դյուրավ կըմբռնեմ ես. բայց ի՞նչ փույթ է այդ Դարեհյանին։
— Այդ մարդն ի՞նչ իրավամբ պիտի արգիլե մեր տեսությունները։
— Այն իրավամբ որ կուտա իրեն ձեր սիրային հարաբերությանը գիտակցությունը։ Այդչափ գայթակղական տեսարաններե վերջը, Սիրանույշ պիտի պարտավորի ամեն ինչ խոստովանելու ամուսնույն իսկ ի պաշտպանություն ձեր սիրույն անարատության։
— Ուրե՞մն։
— Կուզես որ Դարեհյան հանգի՞ստ աչոք նկատե կնոջը սիրահարին տանը մեջ հաճախելը։
— Բայց ի՞նչ կըսես, Հրա՛նտ։ Սիրանույշ ամուսնույն բոլոր անառակությանց կը հանդուրժե, և այդ մարդը կնոջն անարատ զգացմանց դեմ ըմբո՞ստ պիտի հանդիսանա։
— Եվ ո՞վ կապահովե այդ մարդը թե նույն անարատ վարմունքը պիտի կարենա շարունակվիլ։
— Նույն իսկ Սիրանույշի մեձանձնությունը և առաքինությունը։
— Բավական փաստե՞ր են ատոնք արդյոք մարդու մի համար որ կենաց տգեղ կողմը կը ճանաչե միայն առանց հավատք ունենալու առաքինության և անկե հետևած մեծագործությանց վրա։
— Այդ մարդն ի՞նչ եղանակավ կրնա մեր տեսություններն արգիլել։
— Յուր կամքն հայտնելով, հրաման ընելով, և ի պահանջել հարկին խիստ միջոցաց դիմելով։
— Որո՞նք են խիստ միջոցները։
— Այսինքն յուր կինը մինչև հորը տունը ղրկել, անկե բաժնվելով։
— Եվ դու պատի՞ժ կը համարես ընթացք մի որ զիս մարդկանց երջանկագույնը կընե։
— Ի՞նչ կը հուսաս ընել, համարելով որ Սիրանույշ բաժնվի ամուսինեն։
— Կը հարցնե՞ ս
– Այո՛, կը հարցնեմ զի հետաքրքիր եմ գիտնալու։