— Ընելիքս դյուրին է մակաբերել։ Կյանքս իմ սիրելվույս կը նվիրեմ՝ իրեն համար կաշխատիմ, իրեն համար կապրիմ, և իրմով երանելի կըլլամ։
— Այսինքն կուզես զՍիրանույշ անպատվության ծոցը վիժել ոտնակոխ ընելով բարոյականության ամեն սկզբունք, և ջնջելով ամուսնական օրենք։ Ընկերության մեջ եթե նվիրական ինչ կա՝ ընտանիքն է. այն սերտ օրինավոր կապակցություններն են որք երկու էակաց մեջ կը հաստատվին, և անոնցմե հառաջ եկած ծնունդներն են որք ընտանեկան հարկը կը զարդարեն։ Ինչ որ իբրև պարգև կրնան որդիք ընդունիլ ի ծնողաց՝ իրենց ծննդյան օրինավորությունն է։
Համարելով թե դուն և Սիրանույշ անտարբեր կարենաք ըլլալ ընդհանուր արհամարհական կարծյաց ձեր ապօրինավոր կացության նկատմամբ, համարելով որ դուք կարողանաք կղզիանալ ընկերության մեջ իսկ ամեն հարաբերություններե հեռու մնալով, և դեմ դնել ամեն պարսավանաց որք ձեր վրա պիտի տեղան, համարելով որ կարելի ըլլա շարունակելի ընել ձեր սրտին զգացումն՝ որ անտարակույս այնչափ հալածանաց, խայտառակությանց և հեգնությանց հարվածներեն պիտի տկարանա, համարելով նաև որ Սիրանույշ հոժարի ընդունելու ապօրինավոր սիրո պարգևը, ու հոն ձեր երանությունը հաջողիք ստուգապես գտնելու քանի որ սերունդ չունիք։ Բայց կը հարցնեմ քեզ, երբ զավակներ ունենաք, երբ ընկերութենեն անոնց արհամարհվիլ հաստատեք օր մի, երբ ձեր սիրո ծնունդները մշտատև նախատանաց առարկա ըլլան, երբ մեկուսանան իբր անջատյալ մասունք ընկերության, ու լքվին ձեր մեղապարտ սիրույն ամոթալի կնիքը կրելով իրենց ճակտին վրա՝ ընդդեմ ձեզ բողոքելով այն կենաց համար որ անպատիվ եղանակավ մատուցիք իրենց, կը հարցնեմ քեզ, Երվանդ, ձեր ծնողական սիրտն խիստ հարված մի չի՞ պիտի ընդունի արդյոք, մինչև անգամ ձեր սիրույն վճռողական հարված մի տալու աստիճան։ Խո՛րհե։
Նկա՛տե զմեզ, հարուստ չենք. երկուքնիս ևս կաշխատինք, մեկ սպասուհի ունինք միայն, ճոխ կարասիներ չկան, կենաց բազմաթիվ վայելքներե կը զրկվինք քանի որ զանոնք ստանալու համար նեղվելու ենք. հանդերձ այսու երկու տարիե ի