Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/384

Այս էջը հաստատված է

վեր մեր սերն անխախտ և նույն չափ հաստատ կերպիվ կը շարունակե, վասնզի մեր խղճին վրա ոչ անիրավության գաղափարը կը ծանրանա, և ոչ ալ մեր արժանապատվությունը նվաստ զգացման որևէ հարված ընդունած է։ Մեր սրտին մեջ գտանք միշտ գոհունակության պատճառներ՝ որք թե՛ ընկերային և թե ընտանեկան պարտականությանց կատարմանեն կարտադրվին։ Իզուր պիտի ըմբոստանաս ընկերային օրինաց դեմ. ընկերությունն յուր վրեժը կը լուծե քու վրադ զքեզ դժբախտության մատնելով, վստահ եղիր։

— Դու այդ ընթացքն արդա՞ր կը գտնաս, Հրանտ։ Կը հաճի՞ս ուրեմն որ պատվակիր կին մի անիրավ կասկածանաց ենթարկվելով արհամարհվի և գուցե հալածվի, ու ոչ ոք անոր ձեռք կարկառե որով այդ անոք, լքյալ արարածն հուսահատության և աղքատության անդունդին մեջ վիժելով կորսվի, այսինքն կինն այն որ պատվակիր էր անպատիվ ըլլա․ այն որ մաքրություն էր անմաքրություն ըլլա. այն որ հրեշտակ էր տիղմ ըլլա։ Ամեն միջոց փրկության կը հափշտակվի կնոջմե, գահավիժելով կը կորսվի նա, և փոխանակ իրեն կարեկցելու, իրեն ձեռնտու ըլլալու, կը ծաղրեն, կը հեգնեն զայն բարձրագոչ․ և զայդ արդարությու՞ն կը կոչես դու:

— Արդարություն չէ այդ անշուշտ։ Օրենքը սրբագրելու է, ընկերային իրավանց պաշտպան կանգնելու է, հիգացելույն, տկարին վիճակին բարվոքման աշխատելու է, այո՛, բայց վերջապես տիրող օրինաց հպատակելու է։ Առանց ընտանեկան հոդերու սրբության ի՞նչ է ընտանիքը. առանց օրինաց ի՞նչ է ընկերությունը։ Ամուսնություն և օրենք ընտանեկան ու ընկերային հարաբերությանց ներդաշնակության համար հաստատված են․ վերցու օրինավոր ամուսնությունը՝ ամուսինը յուր կինը չճանչնար, հայրը զորդին կուրանա։ Վերցու օրենքը՝ մարդն յուր ստացվածքին տերը չէ, տկարը զորավորին խաղալիքն է։

— Օրենք առավել տկարորեն պաշտպանելու կը նպաստեն քան թե բացարձակապես սանձահարելու։ Որչափ ընկերություն մի վատթարանա նույնչափ օրինաց անաչառ խստության կը կարոտի։ Շատ անգամ ընկերային մի զեղծում նոր անիրավությամբ կը սրբագրվի։