ինձ։ Այդ հրեշտակ կինն սատանի մի գերին եղած է, մինչդեռ ինձմով գերերջանիկ կըլլար, և ես իրմով՝ շնորհիվ ամուսնաթողության։
— Լա՛վ, բայց առանձին կամ հազվագյուտ դեպքերն ընդհանուր համարելով՝ պատճառ մի չէ իբր համաճարակ ախտի դեմ մարտնչիլ անոնց դեմ։ Գիտես որ ամեն դրություն, ամեն սկզբունք, ամեն կանոն յուր զոհերն ունի. ասոնք կը տուժեն ուրիշներն երջանիկ ընելու համար։
— Ավա՜ղ, այդ զոհերեն մին եմ ես արդարև։ Հառաջ քան երիտասարդությունս վայելելու՝ թարշամեցա։ Հառաջ քան տաղանդիս փայլիլը՝ տեսնելու շիջավ այն․ և հառաջ քան ապրելու՝ մեռա։ Մի՛ կարծեր սակայն թե ապրիլ կը փափագիմ, ոչ. զի կյանքը մեն մի օր լեղի արտասուք մի ու դառն հառաչ մի պիտի բերե հետն ինձ համար։
— Եղբա՛յրս,— կոչեց Զարուհին արտասվելով,— ինչո՞ւ անյդպես հուսահատ կը խոսիս։
— Վասնզի հուսահատությունն ինձ եղբայր եղած է, և դժբախտությունը մայր։
— Բայց գոնե գորովը քեզ քույր մնացած է։
Զարո՜ւհի, Զարուհի, թանկագին է արդարև գորովդ իմ դժբախտությանս մեջ. բայց դու ի՞նչ կրնաս ընել երբ անողոք բախտը կորզեց ինձմե անգին գանձս։
— Եղբա՛յր, հուսա՛ դարման ժամանակեն։
— Դարման չկա ինձ համար. բայց գուցե սակավ ինչ մխիթարություն գտնեմ հրեշտակիս մոտ ապրելով և զինքը տեսնելով։ Սակայն չգիտեմ երբ ծովուն վրա էի տխուր նախազդեցություն մի պաշարեց զիս՝ որմե ընդ վայր կը ջանամ խուսափիլ:
— Լռեց հեգ երիտասարդն վայրիկ մի և հետո վայրենորեն գոչեց.
— Սիրա՛նույշդ իմ, պիտի տեսնե՞մ զքեզ արդյոք վերստին։
Զայս ըսելով, գլուխը ձեռացը մեջ առավ ու լուռ արտասուք սահեցան անդ։
Զարուհին սաստիկ հուզմամբ եղբորն մոտենալով, ու ձեռքն անոր ուսին վրա դնելով ըսավ.