– Կուզեի գիտնալ եթե ես փոքրիկ կասկածանաց՝ թող թե անհավատարմության ապացույց մի տված ըլլայի քեզ, այսչափ զարմանալի համբերություն կունենայի՞ր արդյոք և ինձ նկատմամբ։
– Ո՞վ ըսավ քեզ թե համբերատար եմ՝ այսինքն վատ կուզես ըսել։ Հանգիստ եղիր, շուտով կիմանաս իմ ո՜վ ըլլալս եթե չգիտես արդեն։
– Շուտ իսկ կը ճանաչեմ քու պատվակիր զգացումներդ. և եթե այնպես չըլլար, զիս այդչափ չէիր շլացներ։ Չկա նվաստացուցիչ պարագա մի այր մարդու համար որչափ եպերելի թույլտվություն մ՚իրենց վերաբերող կանանց մասին, որ օրինակ եթե դու իմ անհավատարմությունս ներողամտությամբ պատժեիր, հավատա որ նույն վայրկյանեն սրտիս իշխան ըլլալե կը դադրեիր։
– Գիտեմ, Ժանե՛թ, որ դու համայն սիրտ և անձնվիրություն ես քանի որ զիս երբեք չմատնեցիր ուրիշի մի համար։
– Եվ զայդ գիտնալովդ հանդերձ զիս թողուցիր ուրիշ մի բախտակից ընտրելով անձիդ։ Առ ի՞նչ ուրեմն ծառայեց հավատարմությունս և սերս։
— Ծառայեց քեզ առավել ևս սրտիս թագուհին հանդիսացնելու, մինչդեռ ուխտադրուժները սրտմտությանս զոհը պիտի ըլլան։ Սիրույդ և հավատարմությանդ վարձատրությունը կստանաս խիստ մոտերս։ Ձեռքն այն որ գիտե պատուհասել զիտե նաև պարգևներ շռայլել։
Ժանեթի հոգին կը ցնծար լռին, վստահ էր արդեն տիրանալ Սիրանույշի գոհարներուն։ Բայց արվեստավորյալ անձնուրացությամբ մ՚ըսավ։
– Ինձ համար մեծագույն պարգևը սրտիդ ձոնն է։
– Զայդ ունիս արդեն ու շատ առավելն պիտի ստանաս․ ուխտադրուժ ամուսնո մի տրված նվերները հավատարիմ սրտի գույքը պիտի ըլլան։
Թեև Ժանեթ անհնարին ցնծությամբ կը տրոփեր ներքնապես, ըստ ամենայն յուր հաջողիլը կարծելով. ուստի ամենայն ճարտարությամբ խոսակցության տարբեր ընթացք մի տվավ անտարբեր ձևանալու մտոք, և մանավանդ չարադրուժ նպատակ մ՚ունենալուն վրա որևէ կասկած չտալու նպատակավ։