Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/394

Այս էջը հաստատված է

— Կակնարկեմ Երվանդի համար ունեցած համակրությանս:

— Աղջի՛կս խելագա՞ր ես, ի՞նչ ես։

– Ո՛չ, հա՛յր, եմ ինչ որ էի և եղածը կը հաստատեմ, այսինքն այն սուրբ համակրությունն զոր ունեցած եմ Երվանդի համար։

— Ի՞նչ խոսքեր են ադոնք, ինչպե՞ս կը համարձակիս հայտնել համակիր զգացումներ այն անպիտան տղուն նկատմամբ, և նույնիսկ անոր անունը հնչել երբ Դարեհյանի մի կին ես։

— Հա՛յր իմ, Դարեհյանի կին ըլլալը առավել պատիվ չբերեր ինձ քան քո աղջիկդ ըլլալը։

— Եվ գուցե,— ըսավ Պ. Դարեհյան ծաղրելով,— քան Երվանդին կինն ըլլալը։

— Ճշմարտություն մի խոստովանեցար, եթե դու հարուստ ես դրամով՝ Երվանդ ճոխ է սրտով ու տաղանդով։

— Սիրա՛նույշ, կը հրամայեմ քեզ, դադրե այդ անզգամին անունը տալե. կը բանդագուշե՞ս արդյոք,— ըսավ Հայնուռ:

— Տե՛ս վիճակդ. հայրդ՝ իբր պատվավոր մարդ քեզ օժանդակ ըլլալը կը մերժե. դու անձամբ դատե վիճակդ, Սիրանու՛յշ։

— Ես օժանդակ չեմ խնդրեր բնավ, զի իմ զորությունս առաքինությանս մեջ կը գտնեմ,— պատասխանեց երիտասարդուհին արժանավայել մեծանձնությամբ։– Ես պարզապես վկա մի կը փնտրեմ և իբր այդ կը դիմեմ հորս։ Եվ անոր դառնալով հարցուց.

— Հա՛յր, կրնա՞ս ուրանալ թե ընդդիմացա Դարեհյանին հետ ամուսնանալու, վասնզի սիրտս Երվանդին նվիրած էի։

Պ. Հայնուռ այլագունելով ըսավ.

– Աղջի՛կ, արգիլեցի քեզ արդեն այդ սրիկային անունը արտասանելու։

— Եվ ի՞նչ պատճառ ունիս արգիլելու հայր։ Եթե ապիրատի մ՚անունն ըլլար, ես առաջինը կըլլայի այդ անձը մոռացության դատապարտելու։ Ինձ հավնիլը, ինձ հետ ամուսնանալ ուզենալը անպատվությո՞ւն մ՚էր արդյոք իրեն համար։ Եթե այդպես ըլլար նույնչափ անպատիվ է և Դարեհյան։