— Ամենքը,— պատասխանեց Պ. Դարեhյան, խոսքերը ծամծմելով։
– Կը հարցնեմ քեզ ո՞վ են ամենքն ըսածներդ. անուն մի տուր գոնե, եթե երկու հատը գտնելու դժվարություն կը կրես։
— Կո՞ւզես որ անուն մի տամ, լավ։ Ահա Մարիամ հանցավոր ըլլալդ կը վկայե։
— Մարիա՞մը, հարցուց մանկամարդ կինը, անհնարին զարմացմամբ։
– Այո՛.
– Մարիամը քե՞զ հաստատեց զայդ։
– Կը զարմանաս անշուշտ այդ մատնության վրա զինքը կաշառակեր ընելեդ վերջը։
— Կը հարցնեմ քեզ վերստին, ըսածդ Մարիա՞մը վկայեց։
— Ոչ ինձ, այլ Մելքոնին։ Գուցե ապշիս թե աղքատին ու հարուստին մեջ խտիր չդնելով աղքատաց վկայության կը դիմեմ. բայց այդ մասին քու գաղափարացդ համեմատ կը վարվիմ, ինչպես կը տեսնես։
– Ինձ համար ոչ աղքատ կա և ոչ հարուստ, միայն պատվակիր մարդը կա։
– Լավ։
— Մելքոն ու Մարիամ հանցավոր ըլլալս կը վկայեն, կսես. ինչո՞ւ ուրեմն խստիվ կը վարվիս հետերնին։
— Ես ալ իմ պատճառներս ունիմ անշուշտ։
— Դժոխային մեքենայություն մի կը կարծեմ նշմարել։ Պատվիրե որ երկուքն ալ հոս գան. այս մութ խնդրույն վրա լույս կուզեմ տարածել ու ամեն զրպարտություն երևան հանել։ Եթե դու իմ հանցանքս ի լույս բերես, ես հարկիդ ներքև և ոչ մի վայրկյան մի կը բնակիմ, համարելով թե դու հորս ծերության խնայելով ինձ ներում շնորհես. զի ներումը չվերադարձներ պատիվը, զոր կինր կորույս։ Իսկ, Դարեհյան, եթե ոչինչ կարենաս ապացուցանել, և հաստատվիմ թե դու դավակցության մի կամովին մասնակցած ես, հայնժամ կարհամարհեմ զքեզ ու կը մերժեմ տունդ, կը մերժեմ անունդ, կը մերժեմ վերջապես ինչ որ քեզ կը վերաբերի։
— Կը հավանիմ։
– Ես զքեզ տեսա ծնրադրած նույնիսկ սենեկիս մեջ անմաքուր