Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/397

Այս էջը հաստատված է

կնոջ մ՚առջև։ Ես տեսա՝ և սակայն լռեցի, ոչինչ խոսեցա ոչ հորս և ոչ մորս, ի պատիվ անվանդ զոր կը կրեմ: Իսկ դու առանց փաստի զիս կը նվաստացնես, կարատավորես, կը հեգնես հորս առջև, և առանց հանցանքս կարենալ ապացուցանելու պատիժս կը պատրաստես։ Օ՜ն ուրեմն, ըսե՛ որ հոս գան անմիջապես Մարիամ և Մելքոն։

– Թո՛ղ գան,— ըսավ Պ. Դարեհյան. և սպասավոր մի կոչելով հրաման ըրավ որ երկուքը գան ներկայանան։

– Դա ինձմե կը կասկածեիր,— շարունակեց սրտմտյալ կինը,– իսկ արդ ես քեզմե կը կասկածիմ։ Դու ըսիր թե աշխարհն ամենայն հանցանքս կը վկայե և սակայն անկարող եղար բացարձակապես վկա մի ցույց տալու տակավին։ Դու ինձ դատավոր ուզեցիր ըլլալ իսկ ես քո դատավորը պիտի ըլլամ արդ:

Պ. Հայնուռ շունչ կառնուր, աղջկանը անմեղության կսկսեր հավատալ:

Իսկ Պ. Դարեհյանի վիճակը նեղացուցիչ էր. գլխավոր փաստ չուներ հառաջ բերելու, Ժանեթի վկայության չէր կըրնար դիմել․ կերպիվ իվիք դատապարտյալի դիրք կառնուր աներոջն և յուր կնոջ առջև, մինչդեռ իբր դատախազ սկսած էր վարվիլ:

ԳԼՈՒԽ ԿԴ․

Ներս մտան Մարիամ ու Մելքոն. առաջինը գունատ էր և կիսամեռ․ կարծես թե տիրուհիեն շնորհք կը խնդրեր նայվածքովն, մինչդեռ նույնը կը գործեր Մելքոն աղջկան նկատմամբ:

– Մա՛րիամ,– ըսավ Սիրանույշ,— իրա՞վ է որ դու զիս կը մեաղադրես. ազատ խոսե՛։

– Ա՛հ, տիկի՛նդ իմ, ոչ բնավ չմեղադրեցի զձեզ։

Սիրանայշ հաղթահարող ձևով ամուսնույն դառնալով,

– Ուրե՞մն,– ըսավ։

– Մելքո՛ն, դու այդպե՞ս չվկայեցիր,— հարցուց Պ. Դարեհյան անհուն սրտմտությամբ:

– Տե՛ր իմ, այնպես իմացա Մարիամեն,– կը պատասխաներ