Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/398

Այս էջը հաստատված է

անխիղճ մարդն մինչդեռ կը հաջողեր աղերսահայց ակնարկ մի ուղղելու խեղճ աղջկան։

– Ստո՞ւյգ է, Մա՜րիամ,— հարցուց Սիրանույշ։

– Ո՜վ հրեշտականման տիկին մաքրության,— մնչեց Մարիամ ի ձայն բեկբեկ․ սկսված վանկը կոկորդին մեջ մարեցավ, երբ աչքը Մելքոնին վրա անկավ որ իբր դատապարտյալ յուր փրկությունը կը հայցեր իրմե։ Մարիամ հառաչ մ՚արձակեց, աչերը գոցեց, և գետինը տարածվեցավ անշարժ։

Սիրանույշ փութաց նվաղյալ աղջկան հօգնություն երթալու։ Սպասուհիները կոչելով փոխադրել տվավ զայն ուրիշ սենեկի մեջ, և խնամեց զինքն իբր թե որդին ըլլար՝ յուր անձնական տկարությունը մոռնալով իսկ։

Բավական երկար տևեց Մարիամի նվաղումն. բայց հուսկ հետո կենաց նշան տվավ, աչերը բացավ ու ճանչցավ զյուր տիրուհին որ իբր գթո հրեշտակ յուր վրա կը հսկեր։ Հառաչ մ՚արձակեց՝ թևերն դեպ անոր բանալու ու խոսելու փորձն ընելով։ Բայց Սիրանույշ արգիլեց ամեն ճիգ և ամեն արտահայտություն որ կրնար զինքն հուզել, ապահովելով զհեգն թե իրմե չէր տարակուսեր բնավ. ողորմելի արարածը մեռելի կերպարանք առած էր։

Ազնվասիրտ կինը աղախիններուն խնամոց հանձնելով աղջիկը վերադարձավ հորը և ամուսնույն քով, մինչդեռ Մելքոն կեղծավորի դիմոք, թևերը կուրծքին վրա դրած, տիրոջը հրամանին կսպասեր դռան առջև կեցած։

– Դարեհյա՛ն,— գոչեց Սիրանույշ,— կուզեմ որ Մելքոնի վրա մասնավոր հսկողություն ըլլա։ Եթե ոք անոր փախստյան նպաստե զքեզ միայն պատասխանատու կը համարիմ, և կասկածներս ամենայն իրավամբ քու վրադ կը բարդեմ։ Իսկ Մարիամի գալով՝ ոչ ոք հետը պիտի խոսի այս նյութին վրա մինչև որ եղկելին բոլորովին առողջանա։ Սոսկալի կնճիռ մի կը նշմարեմ․ բայց անոնց հեղինակները շուտ երևան կելնեն։

Պ. Դարեհյանի կասկածները սաստկացան Մելքոնի նկատմամբ քանի որ անոր աղերսահայց ակնարկները դիտած էր, և մանավանդ հաստատած անոր խոսելու եղանակին