Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/402

Այս էջը հաստատված է

անոնցմե վախնալով թե գուցե այդ տառապյալ ընտանյաց անպատվութենեն իրենք ևս մաս կունենային, և կամ անոնց օգնելու կը պարտավորեին։

Պետրոսի տղայքը մատնանիշ ըլլալով իրենց հաճախած վարժարանաց մեջ իբրև թիապարտի որդիք՝ և կերպով մի հալածված ամենեն, օր մի Մարիամի քույրն Աննան՝ չկարենալով տոկալ այդ նախատանաց որք օր ավուր կը սաստկանային, տուն վերադարձավ լալով, ամրապինդ յուր որոշման մեջ ոչ ևս վերադառնալու ի վարժարան։ Հայնժամ քրոջն օրինակեն քաջալերյալ փոքրիկ Զարեհն ևս հեծկլտանոք ըսավ «Զիս շարունակ դպրոցի տղայք կը պախարակեն դրամանենգին զավակն անվանելով»։

Տարաբախտ մայրը կը լսեր այդ եղելություններն ու յուր աղիքը կը գալարեին։ Անմե՜ղ որդիքը կը տուժեին ուրեմն իրենց հորն հանցանքը։ Անպատվության գաղափարն իսկ չունեին և ահա անպատվության դրոշմով կնքված էր իրենց անմեղ ճակատը։ Սիրելու և սիրելու տարիքի մեջ էին, և ահա ամենքը զիրենք կը հալածեին: Փոխանակ մանկության զվարթ արշալույսին գիշերվան մռայլ կը տարածվեր անոնց հոգվույն մեջ, և փոխանակ վստահությամբ կենաց նայելու՝ կասկածոտ ակնարկ մը կարձակեին անոր։ Չէին համարձակեր ոչ մարդու մոտենալու և ոչ այլ խոսելու։ Դատապարտյալներն էին, բայց որն էր հանցանքն այդ խեղճ տղայոց։ Հազիվ հազ կենաց դռնեն ներս մտած էին և հանկարծ ընկերությունը զիրենք կը վաներ յուր ծոցեն վասնզի դրամանենգի որդիք էին։

Ի՞նչ կը նշանակեր այդ բառը։ Ողորմելի տղայքը կանգիտանային իսկ, և սակայն սարսափմամբ կը լսեին այդ ահավոր բառը։ Երբ փողոցի մեջ անծանոթի մի կը հանդիպեին, չէին համարձակեր անոր երեսը նայելու՝ թե գուցե ճանչցվելով կենթարկվեին դարձյալ սոսկալուր դրամանենգի խոսքը լսելու։

Տիկին Պետրոս ոչ ևս կարողանալով հանդուրժել այդ դժբախտ կացության, մտածեց թե լավագույն միջոցը Պոլիս թողուլ էր և շրջակա գյուղերուն մեջ բնակության տեղ մի փնտրել։