Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/408

Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ ԿԹ․

Երվանդ անհանգիստ գիշեր մ՚անցուց Սիրանույշեն ետ դառնալեն վերջը։ Զարհուրելի երազներ քունը կը վրդովեին շարունակ։ Մերթ թվեր իրեն թե յուր սիրելի են կը հալածվեր և մերթ թե նա յուր ձեռաց մեջ շունչը կը փչեր։ Սոսկմամբ արթնցավ ցուրտ քրտինք թափելով։ Քունն աչերեն խույս տալով օրվան բոլոր դեպքերն յուր առշևեն կանցնեին, բայց տիըող գաղափարը Սիրանույշի երևույթն էր։ Արշալույսը ծագեցավ և մեր երիտասարդը արթուն էր տակավին։ Վերջապես բնությունը հաղթահարեց յուր համառ տքնության որով հանդարտ հանգիստ մի վայելեց քիչ մի ժամանակ։

Զարուհին՝ իբր մայր գորովագութ որ որդեկին օրորոցին վրա կը հսկե, կը ջանար խոր լռություն պահել տան մեջ եղբորը առավոտյան հանգիստը չվրդովելու համար։

Արդեն մանկիկն արթնցած էր, և մորն անհագ համբույրները վայելած. սպասուհին պարտեզ տարած էր զայն՝ անոր զվարթ ճիչերը Երվանդին ականջեն հեռացնելու մտոք։ Մանկիկը կերգեր յուր մանկական ճարտարությամբը մինչ ծաղկանց մեջ խնամակալ կնոջ ծնկացը վրա նստած էր։

Խանդակաթ մայրը մերթ պատուհանին կը մոտենար սիրո ակնարկ մի նետելու համար տղուն վրա, և մերթ Երվանդին դռանը մոտենալով ուշադրությամբ ունկնդիր կըլլար թե մի՛ գուցե յուր եղբայրն արթնցած էր, որպեսզի թե անոր փոթորկյալ վիճակին վրա տեղեկություն ստանա և թե՛ հորդորե զինքը կաթի և կարագի նախաճաշն ընելու՝ ըստ սովորությանն։ Կարծես եղբայրն կրկին անգամ սրբանվեր եղած էր իրեն հետ յուր դժբախտության։

Մանկամարդ կինը կերթևեկեր վեր-վար, ամեն ինչ աչքե կանցըներ տանը կարգադրությունն անխախտ պահելու ջանադիր ըլլալով և նույն հաջողականությամբ կը կատարեր տանտիկնության պարտականություններն որչափ մոր և դաստիարակի պաշտոնը։ Յուր մանուկը կաճեր առույգ և գեղեցիկ, և յուր աշակերտուհիք կը հառաջանային թե՛ ուսման և թե՛ երաժշտության մեջ յուր հարկին ներքև։

Նույն օրը տոն էր որով և ազատ ամեն դասատվութենե, և