Ճնշված էի վշտացս բեռին և նոր պաշտոնիս ներքև զոր դառնալից վիճակս ճակատագրեց ինձ. հուսահատության անդունդին մեջ մոլորած կը ծփայի երբ փրկարար ձայնդ հորդորեց զիս ի վեր կանգնիլ, արիանալ և աղջկանս քայլերն հաստատել կենաց դերբուկ ճամփուն մեջ։
Մինչդեռ քիչ հառաջ ես առաջնորդված էի, հարկ է արդ որ առաջնորդ կանգնիմ առանց փորձառության ուղեցույցն ունենալու։ Այնպիսի նոր աշխարհի մեջ մտա որուն ուղիները բոլորովին կ՚անգիտանամ. և մեն մի սխալմունքս սուղի կրնա նստիլ ինձ անշուշտ։ Պաշտոնս ահ կ՚ազդե ինձ, և սակայն ձեռնամուխ ըլլալու եմ զի մայր եմ և հայր միանգամայն։ Նյութական վիճակս սահմանյալ է, թեև ամուսնույս դրամական ձեռնարկությունները ապահով ապագա մի կրնային ապահովել ինձ եթե այնպիտի ձախորդությունք վրա չի հասնեին, որք գուցե անոր մահը փութացուցին։ Կրած անունս պատվավոր է, իսկ պատասխանատվությունս անհուն․ չեմ ամաչեր ընկերային աստիճաններեն վար իջնելու, և ի պահանջել հարկին պատրաստ եմ աշխատելու, և աշխատության մեջ պարծանքս փնտրելու իսկ։ Կը դիտեմ որ անցյալ մեծությունս կենաց դերբուկ շավիղները ծածկելով անտեսանելի կըներ, իսկ դժբախտությունս հայտ հանդիման կը ներկայացնե զանոնք։ Նայվածքս խրտչեցավ նախ, բայց երբ առաջին անախորժ ազդեցությունը ջնջվի, մարդս ամեն բանի կընտելանա, նույնիսկ անհնարին թվածին։
Լավ գիտես արդեն թե տղայության օրերս երջանկության մեջ սահեցան, մայրս հրեշտակ մ՚էր անձնվիրության․ յուր անձը մատուցած էր հորս և ինձ. հայրս կը պաշտեր զիս քանի որ զավակն էի։ Յուր չափավոր հարստությամբը կը փափագեր հայթայթել ինձ կենաց բոլոր հաճույքն, և հայրենի այդ տկարությունն աղետալի ըլլար ինձ գուցե, եթե մայրենի օրինավոր խստությունը հարկավոր սահմաններու մեջ չ՚ամփոփեր զիս։ Տեսավ զիս Պ. Թեոդոսյան, հավնեցավ. ամուսնացա հետը մինչ տասնևհինգ տարեկան էի, և ինքը՝ քառասուն։