Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/411

Այս էջը հաստատված է

տալով։ Հափշտակեց զայն Երվանդ, կարդաց, ու մահվան դալուկը դեմքին վրա տարածվեցավ։

— Անգո՜ւթ Սիրանույշ,– գոչեց տարաբախտ սիրահարը,— կը կորզես ինձմե սիրտս, տաղանդս. կյանքս միայն կը պակսի քեզ, և գուցե այդ ըլլա պահանջածդ։ Կը հալածե՜ս զիս ուրեմն ցկյանս, օրհասական վայրկյանդ միայն ինձ նվիրելով, ու կը թախանձես ինձ որ զքեզ տեսնելու ջանադիր չըլլամ։ Ո՞վ առավել անգութ է, վա՞գր թե դու:

Ինչ որ հուսահատ սիրտ մի լեղի տրտունջ ունի՝ ամենքը Երվանդին բերնեն դուրս ժայթքեցին հորդառատ. ապա սիրտն ու բերանը լռության մեջ կայնեցան անխլիրտ։

Զարուհին բառ մի չուներ արտասանելու ի մխիթարություն։ Երբ հոգին շատ լի է թախիծով ամեն սփոփիչ խոսք ցավոց բաժակը հորդել կուտա։

ԳԼՈԻԽ Հ․

Մելքոն տան մեջ հսկողության ներքև ըլլալով անհնարին վարանմամբ կը տառապեր, մանավանդ կասկածելով թե գուցե Մարիամ վերջապես յուր գաղտնիքը երևան հանե: Այդ մատնությամբ ոչ միայն Ժանեթեն խոստացված վարձատրությունները կը կորսնցներ այլ և անտարակույս մեծ պատժոց կենթարկվեր։ Կը մտածեր թե համարելով որ յուր պահապանին աչալուրջ հսկողութենեն խույս տալու հաջողեր, յուր վրա իրավամբ կը հաստատվեր ամեն կասկած, և եթե ձերբակալվելու ըլլար, նույնչափ կը պատուհասվեր։ Ուստի որոշեց ամենայն համբերությամբ սպասել հանդուգն անտարբերության դիրք մ՚առնելով։ Եվ եթե Մարիամ զինքը մատներ իսկ՝ կուզեր բողոքել անոր դեմ, ուժգին ուրանալով որևէ մասնակցություն ունենալն անցյալ դեպքերուն մեջ։ Այս ընթացքը լավագույնը կը համարեր, մանավանդ քանի որ Ժանեթ իրեն օժանդակ պիտի կանգներ անշուշտ ամեն դավակցության կասկածեն զինքն ազատելու համար։

Մյուս կողմանե գաղղիացի կինը նույնչափ անհանգստությամբ կը մաշեր նկատելով Պ. Դարեհյանի տարակուսանքը ամուսնույն հանցավորության մասին։ Այդ չարադրուժ արարածը