Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/415

Այս էջը հաստատված է

Դժգոհության առաջին վայրկյանեն արտադրված գլխավոր զգացումը դժվարին է ճշտել, զի նույն պահուն կիրքերը խառն ի խուռն իրարու կը շփվին քաոս մի հարուցանելով։ Բայց վերջապես բոլոր այդ տարբեր կիրքերը մեկ զգացման կը հանգին՝ այսինքն վրեժխնդրության։

Պ. Դարեհյան կուզեր վրեժ լուծել, բայց ի՞նչ եղանակավ։ Երթալ դրուժան կի՜նը խայտառակել. բայց նա պիտի հեգներ, զինքը յուր ոսկիները քաշելու ակնկալությունը չունենալով: Մարդո՜ւն դեմ բողոքե․ բայց ինչպե՛ս դատաստանի հրավիրել զինքը քանի որ կնոջն անունը կար գործին մեջ՝ այսինքն յուր բուն անունը։ Եվ մանավանդ ի՞նչպես գրգռել մարդ մի որ դաշույնը ծոցը կը պահեր ու սպանություն գործելու այնչափ հակամետ էր։

Ըսինք արդեն. Պ. Դարեհյան քաջության տիպար չէր, ու հազար նախատինք կը մարսեր վայրկյան մի վտանգի չենթարկվելու համար։ Հեռավոր աղետք մի, մոտակա աղմուկ մի կը բավեր զինքը սարսափեցնելու համար։ Ուստի քանի որ Ժանեթին քով զինյալ ձեռք մի նշմարելու հնարավորությունը տեսավ՝ իբր զգուշության լավագույն միջոց անկե հեռու կենալը համարեց՝ զինքը վերջնական կերպիվ սրտեն ջնջելու տրամադրությամբ։ Իսկ յուր վրեժխնդրության բաղձանքը հագուրդ կը գտնար այն զաղափարին մեջ միայն թե՝ նենգավորն Ժանեթ նույն վայրկյանեն յուր շնորհած մեծագույն ընծաներեն պիտի զրկվեր։

Բայց ուրիշ մտատանջության կետ մ՚ալ ուներ Պ. Դարեհյան, այն էր կնոջն առջև ստանալիք պարտյալի մի դիրքը, զինքը այնքան անիրավաբար նախատելե ետքը։ Խափանել մեղադրանաց այն խնդիրը, լռության մեջ թաղելով զայն՝ անհնարին էր քանի որ դերերը փոխված էին, և ինքը նախ իբր դատավոր կանգնելեն ետքը սահմանված էր իբր դատապարտյալ հանդիսանալու։ Մտածեց ուրեմն ամենայն անկեղծությամբ անցած գացածը խոստովանելու կնոջը՝ այսինքն Ժանեթի դավադրությանց գործիքը ըլլալը և անկե մատնվիլը։ Կը խորհեր թե այս խոստովանությամբ կնոջը սրտմտութունը կը մեղմացներ, և յուր զղջմամբ զուցե անոր սիրտը մինչև մեկ աստիճանի շահելու կը հաջողեր։