Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/417

Այս էջը հաստատված է

եմ։ Մի գուցե սիրտդ գրավա՞ծ է նա. հայտնե զայդ աներկյուղ։

Խեղճ աղջիկը դեմքն յուր ձեռաց մեջ պահելով սկսավ լալ դառնագին հեծկլտանոք, մինչ Սիրանույշ ի գութ շարժյալ՝ մխիթարական խոսքեր ուղղեց անոր, հորդորելով զնա ազատորեն խոսելու, և խոստանալով Մելքոնին ներելու ամեն յուր հանցանքը։

Նույն միջոցին Պ․ Դարեհյան ներս մտնելով խոժոռ նայվածք մ՚արձակեց Մարիամին ու գոչեց սրտմտությամբ։

— Դու ապերախտության հրեշ մ՚ըլլալու ես ընդունած բարյացդ փոխարեն տիրուհվույդ վնասելու բաղձանք ունենալովդ։

— Տե՛ր իմ, ե՞ս ուզեմ տիրուհվույս վնասել. երկինք բոլոր շանթերր գլխուս վրա թափե եթե այդպիսի բաղձանք մ՚ունեցա երբեք։

— Ինչո՞ւ ուրեմն լռեցիր մինչև ցարդ։ Հոս կոչեցեք զՄելքոն,— գոռաց Դարեհյան։

Անմիջապես գնացին բերին սպասավորը։ Անոր տժգնությունը, հազմունքը զոր իզուր կը ջանար ծածկել, շատ իսկ յուր ներքին տառապանքը կը հայտարարեր։

— Անօրե՛ն դու,– զոչեց Դարեհյան, անմիջապես որ տեսավ զհանցավորը,— եթե մի առ մի չխոստովանիս բոլոր դավադրություններդ զքեզ մեծագույն տանջանաց պիտի ենթարկեմ։

— Տե՛ր իմ,— պատասխանեց Մելքոն,— ես անպարտ եմ, ո՞ր դավադրության կակնարկեք։

— Տակավին կը համարձակի՞ս խոսելու, ապի՛րատ։

— Ոչինչ գիտեմ ես. տիրոջս ու տիրուհվույս հավատարիմ ծառան եղած եմ միշտ։

— Ժանեթեն դրամը ընդունելու ակնկալությամբ, և Ալֆոնսի չարագործությանց օժանդակ ըլլալով ընդդեմ տիրուհվույդ և զիս խաբելու ջանադրությամբ՝ ուզեցիր ուրեմն հավատարմությունդ հայտնել:

Երբ Մելքոն հասկցավ թե յուր տերն ամեն ինչ գիտեր, կարծես բերանը պապանձեցավ, ու բոլոր էությունը անզգայության մեջ անկավ։