Հարուստ էր նա և մեծ պատիվ կը վայելեր։ Ճաշակեցի ինչ որ ընկերական բարձր աստիճանը և հարստությունը կրնան ընձեռել, ինչպես և ազնիվ սրտե բղխած գանձերը։ Երբ ծնողքս իրենց պարտականությունները կատարեցին՝ կարծես ավելորդ համարեցին այլ ևս ապրիլը։ Մայրս նախ զիս որբ թողուց, և հայրս անոր օրինակին հետևեցավ. այդ կրկին կորուստը զիս անմխիթար թողուց, և չգիտեմ ինչպես վիշտս սփոփում պիտի գտներ եթե զուրկ ըլլայի ամուսնույս գորովեն, ինչպես և գգվանքներե ու շնորհալի ժպիտներե դստրիկիս որ ծնած էր ամուսնութենես տարի մը ետքը։ Վերջապես ժամանակեն դարման գտա ցավերուս, և ըստ ամուսնույս բաղձանաց վերադարձա աշխարհային զվարճությանց, որոնց հրաժեշտ տըված էի ժամանակե մ՚ի վեր։ Գիտես արդեն թե երիտասարդությունս և դաստիարակությունս որպիսի՜ հաղթանակ պատրաստեցին ինձ ընկերությանց մեջ․ գիտես նաև թե որպիսի՜ ճոխությամբ կապրեի։ Մեռավ ամուսինս, մեռավ նաև մեծությունս և անդորրս. ամենայն ինչ կորսվեցավ, ավերակ կա միայն շուրջս, և տխուր հիշատակը փառավոր անցելույս։
Քաշվեցա արդ անշուք գյուղի մեջ Ասիական եզերաց վրա։ Հիսար օժտյալ է բնական գեղեցկությամբ․ կանաչագեղ բլուրներ թագ մի կը ձևացնեն յուր գլխին, և տուներու զանազան գույները ծովուն կապույտին կը խառնվին գեղեցիկ մրցմամբ։ Կարծես թե Վոսփորը դիտմամբ յուր ջուրերը նեղ սահմանի մեջ կամփոփե որպեսզի Ասիո Հիսարը մոտեցնե յուր քրոջն՝ Եվրոպիո Հիսարին, որ այնչափ մելամաղձոտ գեղեցկությամբ լի է յուր սգավոր նոճիներովն․ ասոնք անդուլ կը հսկեն այն շիրմաց վրա ուր կարկաչահոս ջուրերը մահվան քունը կօրորեն իրենց մրմունջովն, և զորս ալևոր բերդեր թվին պաշտպանել ընդդեմ բռնաբարությանց հանդուգն ձեռաց։ Ասիո Հիսար զուրկ չէ նաև պատմական առավելութենե, զի կը հաստատվի թե այս վայրեն անցուցած է յուր բանակը Դարեհ թագավոր Պարսկաց, երբ կարշավեր Սկյութացվոց դեմ որք խմբյալ էին Դանուբյան նահանգաց մեջ, և որք խույս տալով և միշտ ընդ հառաջ քայլելով պարտավորեցին գոռոզ թագավորը