զոր յուր անձին հատկացուցած էր, խիստ տխուր և աննպաստ ազդեցություն մի թողած էր իրեն վերջին նեղանալի դեպքերեն ի վեր։
Մեզի ծանոթ եղած եղելություններեն գրեթե շաբաթ մի վերջը Սիրանույշ վերջնական կերպիվ թողուց վայրն այն ուր այնչափ խորհած, զգացած, վայելած և ցաված էր, և հաստատվեցավ ծովեզերյա տան մեջ իրեն համար մասնավոր խուց մ՚ընտրելով։ Հոն զառանձնություն ուներ իբր ընկեր յուր ցավոց, և զարտասուս իբր սնունդ յուր հոգվույն։
Պ․ Դարեհյան կրկին անգամ անտանելի եղած էր հեզ կնոջ, և դժվարությամբ կը հաջողեր նա քողարկելու ամուսնեն այն նողկալի զզացումն որ ևս բան զևս կը սաստկանար անոր նկատմամբ։ Պատվակիր հոգի մի ուժգին կիմանա իրեն եղած նախատինքն և դյուրավ չի կրնար ջնջել անոր հետքն։
Պ. Դարեհյան մեծ դատարկություն գտավ շուրջը Ժանեթե հեռանալովը։ Ուստի ջանադիր եղավ նոր Ժանեթներու քով նոր հրապույրներ գտնել, և այնու եղանակավ թե՛ կնոջն արհամարհոտ անտարբերության, և թե՛ սիրուհվույն անհավատարմության մասին ուրիշ մխիթարություններ գտնել։ Հեշտասեր անձանց վերքերը շուտ կը դարմանվին․ ճշմարիտ սիրո խոցերն անբուժելի են միայն։
Երբ Վիրճինիո յուր միակ բարեկամեն հեռու պարտավորեցավ ապրելու, այդ առանձնության մեջ խոր վհատություն ու տխրություն զգաց և շուտ իմացավ որ եթե անոնց հաղթելու չաշխատեր, դյուրավ պիտի նվաճվեր։ Ուստի մրցեցավ անձին դեմ ու արվեստին գոգն իյնալով լիաբուռն, հոն գտավ մխիթարություն և նոր հրապույր ի պետս հոգվույն և մտացը։ Արվեստն իրեն համար սիրուհի մ՚էր որ յուր սրտին կը խոսեր, զինքն կոգևորեր, կը սնուցաներ և կը բարձրացներ, և որով ինքն առ հռչակ կընթանար։
Զարվեստն ուներ ուրեմն իտալացի երիտասարդն, անով կսփոփեր հորը ու քրոջը կորուստը, և բարեկամին՝ կամ լավ ևս է ըսել, եղբորը բաժանումը։