Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/426

Այս էջը հաստատված է

հիվանդ։ Տենդը հետզհետե զինքը գրավեց, վիճակը սաստկացավ, սպառնալից նշաններ երևցան որք ծանր հիվանդության մի սուրհանդակներ էին. և իրոք քանի մ՚օրեն թիֆոյի հիվանդությունն երևան ելավ թեև բոլորովին աղետալի տեսակեն չըլլար։

Նույն վայրկենեն որ Սիրանույշ հաստատեց Դարեհյանի հիվանդությունն, իբր հիվանդապահ անոր սենեկին մեջ զետեղվեցավ քովն երկու սպասուհիք ունենալով իբր օժանդակ։ Գիշեր և ցերեկ կը հսկեր նա անդուլ, ձեռամբը կուտար դեղերը խղճմտավոր ճշտությամբ, ինքը գրեթե կը հոգար ամեն պետքերը, և ամեն խնամք կը մատակարեր իբր թե սիրելագույն անձի կենաց վերաբերեին անոնք։ Եվ իրոք ինչ որ անձնուրաց հոգատարություն կրնա մատուցանել գորովագութ արարածի՝ զայն ամենքն ունեցավ Դարեհյան կնոջը կողմանե։

Սիրանույշ կը մոռնար թե հիվանդը զինքը լքման, նախատանաց ու դժբախտության մատնող անձն էր, հիշելու համար միայն թե կենացն ընկերն էր, թե տառապող արարած մ՚էր նա։

Փա՜ռք ճարտար բժշկաց խնամոց՝ Պ. Դարեհյան հետ քսաներկու օրվան տանջանքե ազատած էր ամեն վտանգե։ Տենդը մեղմացավ, զառանցումները դադարեցան, ինքզինքին եկավ աստիճանաբար, ճանչցավ զկինն յուր, տեսավ անոր անձնվեր հոգատարությունը, և երբ բավական ույժ ունեցավ խոսելու՝ ըսավ.

— Սիրանո՛ւյշ, ճշմարիտ հրեշտակ մ՚ես. եթե ապրիմ օրերս զքեզ երջանիկ ընելու պիտի հատկացնեմ։

Տարաբախտ կինը գիտեր արդեն թե այդ խոստումներն ի՜նչ կարժեն. և եթե անկեղծ ըլլային նույնիսկ՝ դյուրավ կրնայի՞ն ջնջվիլ արդյոք անցյալ ցավոց հիշատակներն։

Նույն օրեն որ Պ. Դարեհյան ապաքինութենեն հարաբերական առողջության վիճակի մ՚անցավ, հիվանդապահի պաշտոնը մեկ կողմ թողլով Սիրանույշ՝ նախնի ձևը ձեռք առավ վերստին յուր մենիկ սենեկին մեջ պատսպարվելով։ Ինքն իբր անձնվեր դայակ վարված էր յուր ամուսնույն նկատմամբ, և ամուսինն իրավունք չուներ գորովալից զգացմանց ակնկալելու