Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/429

Այս էջը հաստատված է

Այդ գաղափարը զինքն ոգևորեց, ելավ ոտքի վրա, քայլեց դեպ Վիրճինիոյի կենդանագիրն որ սենեկին որմեն վար կախված էր, նայեցավ անոր ու ըսավ.

— Ազնի՛վ բարեկամ, իրավունք ունիս, Սիրանույշեն միշտ սիրվելու համար արժանավոր կերպիվ պետք է որ յուր հոզվույն ևս արժանի ըլլամ, զի մեծ հոգիները մեծը կրնան սիրել հավետ։ Արգահատությունը սեր չէ, այլ սրտին ողորմությունն է միայն։ Կուգամ քեզ փութով, բարեկամ, կաշխատիմ եռանդյամբ, կորսված ժամանակ կը շահիմ, հռչակ կը հանեմ, այնպես որ Սիրանույշ ամոթահար ըլլալու է բնավ պատճառ չունենա յուր սրտին առջև։

Ապա քանի մի քայլեր առավ, դարձուց հայեցվածքը դեպ ուղղություն տան յուր սիրելվույն և կոչեց.

— Սիրանո՛ւյշ, դու զամեն ինչ մերթ կը լուսավորես ու մերթ կը խավարեցնես։ Դու զիս կը ջլատես, դու զիս կոգևորես, դու կմեռցնես, դու հարություն կուտաս։ Եթե դու ինձմով դժբախտ եղար՝ կուզեմ որ երբեք պատճառ չունենաս նվաստանալու զիս սիրած ըլլալուդ համար, այլ կը փափագիմ որ խրոխտալով կարողանաս ըսել օր մի «Երվանդ՝ այն մեծ տաղանդն որ ուրիշներուն կը տիրեր հանճարովն, իմ գերիս մնաց միշտ»։

Երիտասարդն յուր մոտալուտ ճամփորդությունն որոշելով գնաց շուտով խորհուրդն իմացնելու Հրանտին ինչպես և Զարուհվույն, որք երկուքն ալ ծափահարեցին յուր որոշման, մանավանդ ջանացին փութացնել զայդ՝ վախնալով թե գուցե միտքը կը փոխեր։

ԳԼՈԻԽ ՀԹ.

Սիրանույշ յուր կողմեն գաղտագողի կողբար ոչ միայն Երվանդին ապագային սաստիկ հարված մի տված ըլլալուն համար այլ և ի նմա բարոյական մարդն սպաննած ըլլալուն համար․ կը մտածեր թե ու՞ր պիտի հանգեր հուսահատ սերն յուր սիրելվույն։ Հեգն յուր անհնարին վշտին կավելցներ այդ դառն մտածությունն ևս, ու այնպիսի մեծ ցավով կը պաշարվեր որ կը փափագեր զԵրվանդ տեսնել գոչելու համար անոր.

— Ես զքեզ քովես հալածեցի, ամեն ինչ ի քեզ սպաննեցի, ես