Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/430

Այս էջը հաստատված է

դահիճդ եղա․ այլուր գնա՛ ուրեմն, ուրիշ սիրտ մ՚որոնե որպեսզի հրահրե ի քեզ ինչ որ ես շիջուցի, կենդանացնե ինչ որ մեռուցի։

Ծանր էր Սիրանույշի բնականապես Երվանդին ուրիշով վերականգնելու գաղափարը. քանի որ այդ ուրիշը ամենահզոր նախանձորդ մի կրնար ըլլալ, այդ ուրիշը յուր հիշատակը կրնար ջնջել բոլորովին, որով և յուր մխիթարության հետին ավերը առնել տանիլ զինքը մոռացության մատնելով։ Եվ սակայն այդ ուրիշը կը փնտրեր, կը փափագեր գտնել և յուր հոգվույն ընկերոջը ներկայացնելով զայն ըսեի.

— Ահա, Երվա՛նդ իմ, անձն որ զքեզ պիտի վերականգնե, որ մութ գիշերիդ լույս պիտի տա, ու շրթանցդ ժպիտ։

Այո՛, այդ անհնարին զոհն իսկ կատարելու հոժարամիտ էր ողորմելի կինն, բայց ո՞ր սրտի կրնար հանձնել զյուր Երվանդ երջանիկ ընելու նվիրական պաշտոնը. ո՞ւր էր այն կույսն որ սիրտ մի միայն կը խնդրեր զայն անկեղծորեն երանելի ընելու համար, առանց շահախնդիր ակնկալության ամուսնությամբ դյուրակեցիկ և ազատ վիճակ մի գտնելու մտոք։ Կային անշուշտ վեհ և ազնիվ հոգիներ որք մարդկության վրա կը փայլին իբրև անձնվիրության փարոսներ. բայց ինչպե՞ս կրնար վստահ ըլլալ զանոնք գտած ըլլալուն․ ո՞ւր էր այդ հոգին, ո՞ւր էր այդ կույսը։

Հալ և մաշ կըլլար Սիրանույշ առանց ոչ սրտին և ոչ իսկ խղճին բեռը կարենալ թեթևցնելու։ Ինքզինքը մեղապարտ կը համարեր․ և ի քավություն Երվանդին պատճառած դառն ցավոց․ կը ջանար գոնե թշվառաց ձեռք կարկառել մերթ ոսկվով և մերթ արգահատության լուման ձոնելով։

Իսկ Մարիամ առավել ևս նվիրական եղած էր իրեն նույն օրեն որ ձեռամբը անոր մատաղ սիրտը հարվածած էր։ Եվ յուր կարեկցության զգացումները մինչև անգամ անոր եղբորը ու քրոջը վրա կը տարածեր որք, ինչպես գիտենք արդեն, երկու ազգային գիշերօթիկ դպրոցաց մեջ կը գտնվեին շնորհիվ Սիրանույշի։

Հեգ երիտասարդուհին կը կարծեր հոգվույն բեռը թեթևցնել այլոց դժբախտությունը մեղմելով։