Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/434

Այս էջը հաստատված է

դառն վիճակեն՝ մոռցավ յուր անձնական վիշտը և չուզելով խեղճ աղջիկն առանձին թողուլ յուր այլայլության մեջ,

— Մարիա՛մ,– ըսավ,— ես ևս հետդ պիտի գամ, երթանք շուտով։ Բայց գնա՜ գլխարկս բեր առանց սակայն մորս բնավ բան մ՚ըսելու։

— Իսկ դու, Զարուհի՛,— հարեց,— մեկնելես վերջը և եթե հարկը պահանջե միայն՝ կիմացնես մորս իմ բացակայությունս, հաստատելով իրեն թե Զարեհ փոքր ինչ անհանգիստ է։

Նույն միջոցին Մարիամ գլխարկը բերելով հանձնեց զայն տիկնոջն որ «Ի տեսություն ուրեմն, Զարուհի՛ս» ըսելով փութով հեռացավ աղջկան հետ։

ԳԼՈԻԽ ՁԱ.

Զարեհ և յուր փոքրիկ քույրն արձակուրդի ժամանակնին Քատըքյոյի մեջ իրենց ազգականին տունը կանցընեին, և այդ հյուրընկալությունն առատորեն կը վարձատրվեր Սիրանույշի կողմանե։

Այդ ազգականն մեծ ջանք կըներ այդ երկու տղայոց ամեն գորովագութ խնամք մատակարարելու՝ ոչ այնքան չափազանց զգայուն ըլլալուն՝ որքան Սիրանույշի հավատարմության արժանանալու և անոր առատաձեռնության արդյունքը վայելելու համար, թեև ստույգ է որ չար կին մի չէր այն։ Ապրելու միջոցաց նվազությունը շատ անգամ սրտի գանձերը տկարացնելով անտարբեր կը թողու զմարդ այլոց թշվառության:

Մարիամ առաջնորդեց յուր տիրուհվույն դեպ փոքրիկ տնակ մի, որուն վարձքը Սիրանույշ կը մատակարարեր, և որուն կարասյաց մեծ մասն անոր առատ շնորհաց արդյունքն էր: Ներս մտնելով տեսավ տիկինն թե ամեն ինչ մաքուր էր, կոկիկ և կանոնավոր, թեև կենաց ամենահարկավոր առարկաները կային միայն հոն։

Տան տիրուհին այրի կին մ՚էր որուն համար մեծ երջանկություն էր ի մասնավորի երեք սենյակ ունենալ երկու տղայոց բացակայության ժամանակ, և այդ վիճակը շատերուն նախանձը գրգռած էր։