Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/435

Այս էջը հաստատված է

Թեև Սիրանույշ փոքրիկ թոշակ մի հատկացուցած էր այրի կնոջ հանդերձ այսու պահանջած էր որ նա՝ ըստ յուր սովորականին կարով զբաղի՝ նոր հասույթ մի հայթայթելով անձին: Այդ ազնիվ տիկնոջ դրությունն էր օգնել տկարին, բայց քաջառողջն անգործության մղել։

Երբ դուռը զարնվելով տան տիկինը վազեց զայն բանալու, և ինքզինքը հանկարծ մեծանուն տիկնոջ առջևը տեսավ, շվարեցավ թե ինչ ձևով շարժի։ Բայց Սիրանույշի պարզ ձևերն և մելամաղձոտ դեմքը զինքը սակավ ինչ հանդարտեցուցին, և ուժ տվին հարցմանցը պատասխանելու։

Այդ այրի կինը տակավին բավական երիտասարդ էր, համակրելի ու լուրջ կերպարանք մ՚ուներ, ինչպես և վայելուչ ու համեստ ձևեր, որով տիկինն դժգոհ չեղավ խոսելով։ Հարց ու փորձ ըրավ հիվանդ տղուն պատահածները, և նույն պահուն անոր գտնված վիճակն ուզեց իմանալ։

Այլայլած կինը համառոտ տեղեկություններ տալու հաջողելեն վերջը, փոքրիկ սենեկի մի դուռ բանալով հարցուց տիկին Դարեհյանի եթե կը կամեր ինքն անձամբ հիվանդ տղուն այցելելու՝ անոր վիճակին վրա առավել ճիշտ գաղափար ստանալու համար։

Արդեն Մարիամ անզուսպ անհամբերությամբ եղբորը քով ընթացած էր, և ամեն անուշ բառեր կուտար անոր, տենդեն այրող այտերն արտասուքովն ոռոգելով։ Բայց ողորմելի մանուկը ոչինչ կը լսեր, ոչինչ կը ճանաչեր, այնչափ տենդը զինքը լիովին գրաված էր։

Մինչդեռ Սիրանույշ մաքուր սենեկե մի ներս կը մտներ, ուր տարածված էր կոկիկ բայց համեստ անկողնո վրա փոքրիկ հիվանդը, Մարիամ անկարող այլևս եղբորը դառն վիճակին ականատես ըլլալու՝ լալագին սենեկեն դուրս կը վիժեր։ Երկար քննություն հարկ չկար հասկնալու համար թե ծանր էր տղուն ախտը։

Սիրանույշ անմիջապես կոչելով սպասավորն որ իրեն հետամուտ եղած էր, հրամայեց անոր որ երթա փութով լավ բժիշկ մի բերե. և ինքն ուզեց սպասել մինչև անոր գալստյան, տեղեկություն ստանալու դիտավորությամբ հիվանդին վիճակին վրայոք։