ԱՐԱՔՍԻԱ
ԿԱՄ
ՎԱՐԺՈՒՀԻՆ
188… տարվան Բարեկենդանի օր մ՚ էր։ Բերայի փողոցաց մեջ տարօրինակ շարժում կար։ Անհամար դիմակներ խումբ–խումբ կանցնեին զիրար ընդհարկանելով, իրարու գրգռիչ խոսքեր ուղղելով, խնդալով, գլորելով, երգելով, ճիչեր արձակելով։
Բարեկենդանը կարծես մասնավորապես կարգադրված է ի սփոփանս ընկերային խոնարհագույն դասուց, որպեսզի իրենց աննպաստ վիճակը ճանաչելով՝ անոնք ջանադիր լինին ուրանալու զայն, պահվելով վայրիկ մի այլ և այլ զգեստուց ներքև, և առժամանակյա տարբեր վիճակ մի փոխ առնելով՝ ուրիշ անձնավորություն մի ձևանան, և այսպես իրենց աղքատությունն ու դժբախտությունը մոռնան կեղծ երանության դիմակին ներքև։ Ուստի Բարեկենդանի նյութական կատակերգության մեջ բարոյականի կատակերգություն մ՚ալ կը գոյանա, այնչափ մարդիկ իրենց եղածեն այլ և այլ տարբեր երեվույթներ կը ներկայեն։
Եթե նույն պահուն և սահմանյալ ժամանակի համար միայն աղքատն յուր տխուր վայրկյանները կը մոռնա կենդանության և խրախճանաց հոսանքեն մղյալ, հարուստը կենաց ճոխ միօրինակությունը կը ճգնի ընդհատել, յուր ձանձրույթը փարատել, և պարապո նեղանալի ժամերը գոնե ձայնիվ, աղմկով, նվագարանով, հացկերույթով, պարով, շարժմամբ և տարօրինակ կենդանությամբ զբաղեցնել։