Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/448

Այս էջը հաստատված է

Մինչ փոխ առնված անշուք զգեստուց ներքև աղքատը յուր չքավորությունը կը ծածկե, ինչպես և դեմքը կսքողե կեղտոտ դիմակի ներքև, նույն միջոցին գեղեցիկ տիկնայք, փայլատակող աչոք, գոհ իմն կերպարանոք զոր կազդե իրենց դիմական շնորհաց գիտակցությունը, և հանդերձյալ զվարճության մուտալուտ հուսով, այլ և այլ խանութներ կը խռնին. մին ծաղիկ մի կը գնե, մյուսը մետաքսյա կերպասներ, երրորդ մի՝ ծպտվելու զարդեր, և չորրորդ մի՝ դիմական աղքատությունը ծածկելու և կամ շքեղություններն ավելցնելու արվեստական միջոցներ որոնելու համար, երեկույթի և կամ այլ և այլ ազգային ու տարազգային պարահանդեսից մեջ փայլելու ու զոհեր ընելու տրամադրությամբ։

Հո՛ս՝ որմին վրա կպած Ազդ մի՝ նոր հանդես մի, նոր զվարճության աղբյուր մի կավետե հագեցած հարուստին։ Հո՛ն, նոր թատերական ներկայացում մի կը խոստանա գրգիռ տալ հյուծյալ ու մաշած կրից և զգացմանց։ Երրորդ Ազդ մի վիճակահանություն մի կիմացնե ճակատագրին զոհից ի նպաստ։ Այդ հանդեսին մեջ բազմաթիվ չքնաղ և շնորհալի տիկնայք իրենց սրտին գանձուց վսեմ թելադրությանց անսալով՝ ժպտով, քաղցր բառով, ազնվական և քնքուշ ձևով ի պայքար կը մտնեն զիրար գերազանցելու հոժարությամբ, ի պետս թշվառաց ստվարացնելու համար այն լումաներն որք հարուստին գրպանեն պիտի ելնեն, և կամ գթոտ սրտերե պիտի բխին։

Երկնային է արդարև կնոջ նազանքը՝ երբ այն կը ծառայե աչքեն լեղի արտոսր մի ջնջելու, անոթութենե ծնած հառաչը խափանելու, և կամ մայրենի սիրտը կրծող վիշտը թեթևցնելու։ Հայնժամ գթությունը գեղեցկության ու շնորհաց ներքև անթառամ ծաղիկ մ՚է որ կը ծլի մարդկային՝ մանավանդ կնոջ սրտին արտին մեջ։

Մինչ ուրեմն ամեն կողմ գոհունակության աղմկալից ձայներ, շաչյուն կառաց, շարժում և երթևեկություն կային, ընդհակառակն Բերայի առանձնացյալ ու անշուք փողոցի մեջ երեք փոքրիկ սենյակներե բաղկացյալ կիսավեր տան մի մեջ՝ արտասվաց ու հառաչանաց բարեկենդանը կը տոնվեր։

Ո՜վ սրտաճմլիկ հակապատկեր կենաց. մերձ այնչափ