Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/45

Այս էջը հաստատված է

կենացս դյուրաբեկ նավակը մինչև երկնից վերստին պայծառանալը, որով սակավ ինչ ապահովություն կստանա ահաբեկ հայեցվածքս։

Սիրելիդ իմ, դու որ իբրև անձնվեր մայր հանդիսացար միշտ ինձ համար, շարունակե՛ առաջնորդելու վեհերոտ և անփորձ քայլերս։ Երբեք քեզի համար գաղտնիք չի պիտի ունենամ․ և սրտիս մեջ իբրև վճիտ մի հայելի, ամենայն ինչ պիտի նշմարես. բայց ցա՜վ է ինձ ըսել թե աչքերդ տխրության պատկերին պիտի հանդիպին երբ կամենաս նայիլ անդ։


Տիկին Սիրա առ Մայտա

Չգիտեմ թե հա՞րկ է ինձ անիծել բախտն որ կորզեց քեզմե կենաց վայելքը, թե օրհնել այն աղետքն որ երևան կը հանե այն ծածուկ և գեղեցիկ հանգամանքը զոր անդստին նշմարած էի ի քեզ։ Մարդիկ կը նմանին այն ազգերուն որք երկարատև բարեբաստությամբ մեղկության մեջ կը խորասուզին։ Տխուր արկածք կը զորացնեն զանոնք և ի հանդես կը բերեն այն թաքուն հատկություններն որք հինքյանս կը տածեին, առանց իսկ այդ ստացվածքին գաղափարն ունենալու։ Դժբախտության դպրոցը մարդս ձևակերպելու միակ միջոցն է։ Ըսե ինձ, Մայտա՛, երբեք կրնայի՞ր հավատալ թե դու, փափկասուն երիտասարդուհի, գողտրիկ հեշտությանց վարժ, կրնայի՞ր ներկայանալ հանկարծ իբրև կենաց քաջ զինվոր դժբախտության ճակատավայրին վրա։ Եթե ոք համարձակեր զայդ հաստատել քեզ, անշուշտ իբրև խելագար կը նկատեիր հաստատողը։

Եթե խարխուլ առողջության պատճառավ բռնադատյալ չըլլայի Քորֆու կղզվույն մեջ ապրելու, քանի՜ բերկրալի էր ինձ քեզ կենսակից ըլլալ, և սիրովս բուժել ցավերդ գոնե մասամբ։ Սակայն հարկը կը բռնադատե զիս ի տար աշխարհ ապրելու, հեռու Պոլիսեն՝ մեր բնիկ երկրեն, զուրկ հայրենի Հայ բարբառեն՝ որ կարծես կրկին գեղեցկություն կզգենու երբ մեր ականջները կը դադրին լսելե յուր կորովալուր վանկերն. և հեռու

23