Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/452

Այս էջը հաստատված է

Բարեկենդանի երկարաձիգ վանկերը երբ Վարսամյան ընտանյաց ականջը կը հասներ՝ իրենց հոգվույն վերքն առավել ևս կարյուներ։ Մեն մի հառաչ սրտի՝ փոխանակ ազատորեն դուրս ելնելու դույզն սփոփանք պաաճառելով, ընդհակառակն յուր ընթացքին մեջ կիսատ մնալով հետս կընկրկեր, և այն հառաչը՝ իբր շիթ տառապանաց, սրտին վրա սառելով անոր շարժումը կը դանդաղեցներ։

Զգայուն հայրը կը լսեր այդ խրախճանաց հնչյուններն, և ցավալից ակնարկ մի կը նետեր յուր սիրելի դստեր վրա, որուն ոչ միայն ուրախություն չէր կրնար պատճառել այդպիսի ուրախառիթ տոներու միջոցին, այլ և նույնիսկ սեղանի պարզ խնջույք մի անկարող էր մատակարարել անգամ։ Գորովագութ հայր մի առ ոչինչ կը համարի յուր ցավերը, ամեն բանի կարող է համբերել, միայն թե յուր սիրույն ծնունդը զերծ մնա վշտերե և զրկմանե։

Պ. Վարսամյան իբր հանցավոր կը նայեր կնոջը, և իբր թե ինքն կամավոր պատճառ լիներ իրենց թշվառ կացության, ոչինչ կը համարձակեր ըսել ե ոչ իսկ ողբալ բացարձակապես։ Ինքն իրեն կը հյուծեր, և դստերը սիրո նայվածքին և գուրգուրալից խնամոց մեջ կը գտներ մխիթարություն, մանավանդ այն դառն պարագայից մեջ որք հետևանք էին կնոջը կծու հանդիմանությանց։

Կան այնպիսի կանայք որք գոգցես կուզեն բախտակից լինել իրենց ամուսնույն բարեբաստ ավուրց, և չեն ներեր որևէ դժբախտություն ուսկից իրենք բաժին պիտի ունենան։ Իբր ընտանյաց սատան սրտմտություն և դառնություն կը շնչեն, և դժգոհության թույն կարձակեն իրենց շուրջը։

Այդ կարգի կանանց կը վերաբերեր և տիկին Վարսամյան։ Հակակրությամբ կը նայեր ամուսնույն առանց ի նկատ առնելու այդ հեգին թշվառ կացությունը։ Նամանավանդ այդ հակակրությունն առավել ևս կարծարծեր հաստատելով յուր անկարողությունը զավկին մատակարարելու կենաց անդորրն ու շքեղությանը։ Տիկինը եթե անսիրտ ամուսին էր, ընդհակառակն մայր էր գորովագութ։

Կինը շատ հակառակորդներ, թշնամիներ, զրպարտիչներ ունեցավ. բայց ո՞վ արդյոք համարձակած է մոր սուրբ անունը