սրբապղծելու։ Կինը ամբողջ յուր սիրտն ու հոգին մայրենի զգացման մեջ բովանդակած է, այսինքն յուր էությունը ուրիշ փափուկ էության մեջ ամփոփած է, և անով վսեմ անձնուրացության պատկերը հանդիսացուցած է։ Անոնք որ չար մայրեր են պարզապես մայրության ճիվաղներն են, անարժան մոր սրբազան անունը կրելու. հրեշներ են սոսկ որք կը հղանան և ծնունդ կուտան։
Տիկին Վարսամյան կը լսեր ցնծության աղաղակները փողոցին մեջ, և անոնք նույնչափ խայթոցներ էին յուր մայրենի սրտին, և նույնչափ սլաքներ յուր սրտմտության։ Աննպատակ կերթար կուգար մեկ սենեկեն մյուսը հուզյալ կերպարանոք և քայլյուք։ Վերջապես իբր թե ընկճյալ ցավոց սաստկութենեն, նստավ աթոռակի մը վրա իրենց գրեթե կիսամերկ սենեկին մեջ ուր բազմած էին այրն ու դուստրն, և աչերը հառելով աղքատիկ սեղանի մը վրա որ մաքուր բայց հին ճերմակ կտավով ծածկված էր, հուսաբեկ ըսավ.
— Արաքսիա՛, ահա՛ և քու Բարեկենդանդ. ահա՛ քեզ մեր տրտունջներն և արտասուքը իբր զվարճություն և խնջույք… կանգ առավ, կլլեց հեծկլտանք մի, և ապա հարեց— ահա՜ քեզ, դո՛ւստր իմ, քիչ մը հաց ու պանիր,— սեղանը ցույց տալով։
Արաքսիա հորը քովեն ելնելով ի հապճեպ դեպի մորն ընթացավ, և ձեռքը բռնելով ու համբուրելով զայն, ըսավ.
— Մա՛յր, բավ է ինձ որ դուք ողջ առողջ լինիք և լավագույն Բարեկենդան չեմ խնդրեր։ Ես երիտասարդ եմ, քսան տարի ապրած եմ տակավին, կյանքն ինձ համար է, ժամանակ ունիմ վայելելու զայն։ Բայց դո՛ւք, մա՛յր իմ, դո՛ւք պետք ունիք կենաց վայելմանց։
— Զայդ հորդ ըսե, որդյա՛կս։
— Մա՛յր, մի՛ ընդ վայր հանդիմաներ հայրս. ինքը չեղա՞վ արդյոք առաջին զոհն յուր տարապայման վիճակին։
— Թո՛ղ առավել լրջամիտ չիներ, և յուր դրամներն ընդ վայր վտանգի չենթարկեր։
— Բայց, մայրի՛կ, այնչա՛փ գործունյա և կարող անձինք նույն դժբախտության չհանդիպեցա՞ն արդյոք։
— Թող ավելի զգույշ լիներ, և խաղի երազոց չմատներ յուր հարստությունը։ Պարզամիտ մարդուն վերջն անշուշտ այս