Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/46

Այս էջը հաստատված է

ազգայիններես որոնց հետնագունին հիշատակն անգամ համակրելի զգացում կ'ազդե։ Եթե մերձավորությունն զգացումները կը զորացնե, հեռավորությունը կը զայրացնե զանոնք և գեղեցկագույն գույներով կը նկարե ինչ որ աննշմարելի էր երբ մեր մոտեն կանցներ։ Անհնարին է անգոսնել ազգային զգացումն և խեղդել զայն ընդհանուր մարդկության զաղափարին մեջ։ Ցորչափ մարդս յուր անձը սիրե՝ պիտի սիրե նաև ինչ որ իրեն հետ ուղղակի կամ անուղղակի հարաբերություն մ'ունի, ինչ որ իրմե մաս մ'ունի։ Պիտի սիրե անոնք որ յուր մանկությունը խնամեցին. պիտի սիրե այն վայրերն որ իրեն զբոսատեղի եղած են, ու կը հիշեցնեն իրեն յուր բարձրաձայն երգերն, աղմկալից խաղերն, տղայական անմեղ ժպիտներն, երիտասարդ սրտի անուշ հառաչանքը, լեղի արտասուքն, երազները, խորհուրդներն. այո՛, պիտի սիրե միշտ այն վայրերն որ ջերմացնելով աճեցուց յուր գողտր մարմինը. պիտի սիրե այն առաջին լեզուն զոր յուր մայրը սորվեցուց թոթովել, և որով մայր երկնային բառը ձայնեց, բառ սխրալի որ մինչև մարդուս հետին շունչն ամեն ներդաշնակութենե ավելի քաղցրանվագ է․ պիտի սիրե անոնք որ նույն լեզվով խոսեցան, աղոթեցին․ որ նույն նախահայրերը, նույն դյուցազուններն երգեցին․ այո՛, պիտի սիրե յուր եղբայրներն, և եթե չի պանծա անոնց փառավոր վիճակին վրա, գեթ պիտի գուրգուրա եթե տառապյալ ազգի զավակ են․ զի ոչինչ այնչափ համակրելի է որչափ դժբախտությունն, և ոչինչ այնչափ իրավունք ունի մեր խնամոց, աշխատանաց և սիրույն։ Ո՞վ արդյոք առավել քան զՀայ թշվառ Է, քանի որ աղքատ է և տգետ։

Ո՜վ խեղճ Ազգդ իմ, երբե՛ք այսքան մեծ սիրով չր սիրեցի զքեզ որչափ այսօր, երբ կը տեսնեմ զքեզ հեռու, ինձմե, երբ անջատյալ եմ քեզմե, երբ օտար լեզու ականջիս կը հասնի միայն, երբ ախտացյալ եմ, երբ անկարող եմ զքեզ գործով սիրելու։ Դու բառի պետք չունիս, զի շատ իսկ խոսքով կ'ողողեն զքեզ․ գործի կը կարոտիս լոկ, և այդ կը պակսի քեզմե։ Ես ևս անարդյուն սեր մ'ունիմ ընծայելու քեզ. ի՜նչ փույթ եթե ըսեմ «Կը սիրեմ զքեզ», գուցե այդ ևս բառ թվի քեզ միայն, և ինչ որ զգացում է՝ վանկի մեջ ջնջվի։ Ամեն բան կորուսի,

24