քան այլոց մեծահաց կոչունքները։ Սնունդն որ ձեզ կը բավե՝ ևս առավել կը բավե ինձ։
Այս խոսքերն արտասանելեն վերջը կույսը գլուխը կռթնցուց հորը ուսին վրա ուսկից վերուցած էր խոսելու համար, և զգաց թե լուռ արտոսր մի՝ իբր շիթ լուռ ցավի, լուր դեմքին վրա կը գլորեր լռին։
— Հա՜յր, հա՜յր․ ո՜հ, մի՛ լար, հոգիս կը ճմլես,— գոչեց հուսահատորեն աղջիկն, նորա պարանոցին վրա իյնալով։
Իսկ տիկինը քթին տակեն քանի մի խոսքեր մրմռալով հեռացավ, և ուրիշ սենեկի մեջ առանձնանալով անկողնույն վրա տարածվեցավ։
Արաքսիա քիչ մի ետքը մորը ետևեն գնաց տեսնելու համար թե ի՜նչ կըներ նա։ Բայց սենեկին դուռը կիսաբաց լինելով տեսավ զյուր մայր տարածված, և կարծելով թե կը ննջեր առանց բնավ ձայն հանելու հորը քով վերադարձավ։
Տառապյալ մարդը նոթութենե նեղվելով սակավ ինչ ուտեստ խնդրեց։ Արաքսիա փութաց վերջապես բերելու պանիրն և հացը զորս յուր մայրը մեջտեղեն վերուցած էր օտար աղջկան այցելությունն իմանալով։ Եվ մինչ այդ համեստ ճաշը հորն առջև կը զետեղեր, կույսն կարեվեր հոգվով, բռնի իմն զվարթությամբ գոչեց. «Հայրի՛կ, փույթ չէ եթե մենք ևս այլոց նման մեծափարթամ սեղան չունինք այսօր. բավ է որ ողջ լինինք և ամեն ինչ լավ է ու գոհացուցիչ։ Բայց վստահ եղիր որ հետևյալ տարին՝ եթե ապրիմ, լավագույն Բարեկենդանի գիշեր մի կանցընես»։
Խեղճ մարդն ոչինչ պատասխանեց, այլ անխոս և անհառաչ, իրեն ներկայացվածը կերավ, մինչ յուր դուստրն ամեն ճիգ կը թափեր զվարթադեմ երևալու, ու կատակներովն ջնջելու նույն պարագային տխուր ազդեցությունը։
Տիկին Վարսամյանի բացակայությունն երկարելով՝ օրիորդն վերստին գնաց ակնարկ մը նետելու մորը սենեկին, ամենայն զգուշավորությամբ սակայն զինքը չարթնցնելու համար եթե ի քուն էր։ Բայց մեծ եղավ յուր զարմանքն երբ ականջին հասան խեղդված կոծեր ու ձայներ։ Սիրտ ի թունդ խեղճ աղջիկը մորը քով ընթացավ և հուզյալ եղանակավ «Մա՛յր, գոչեց, դու կը տառապի՞ս առանց զիս կոչելու»։