փառք Վարդանույշի անձնվեր օգնության, Արաքսիային ծառայության բեռը կը թեթևնար, զի նա հիվանդ տիկնոջ մոտ գիշերները կը տքներ, և ցերեկները ամեն խնամք թե՛ տիկնոջ և թե՛ անոր կաթվածահար ամուսնույն կը մատակարարեր։
Եթե կա ինչ վսեմ աշխարհիս վրա՝ ճշմարիտ բարեկամության պատկերն է, հորում երկու ազնիվ հոգիներ հանդարտ և միօրինակ հուրով կը վառին առանց փայլատակաց, առանց շռնդյունի և առանց ցույցի։ Բարեկամության տևողությունն հնարավոր է նույնիսկ չափավորությանը պատճառավ, զի ինչ որ անչափ է և տարօրինակ՝ կսպառի յուր սաստկությամբն իսկ, ինչպես է զոր օրինակ բուռն և այլանդակ սերը։
Բարեկամ մի կը նվիրե զյուր զգացում անձի մի մասնակցելով նորա ուրախության ինչպես և վշտին։ Իսկ սիրահարյալ սիրտը կը միանա պաշտած անձին հետ, անոր հետ կը ձուլվի, այնպես որ յուր պաշտելույն համար գործելովն՝ անձին համար կը գործե դարձյալ։ Բարեկամության մեջ կատարյալ անձնվիրություն կա, իսկ սիրո մեջ վսեմ անձնասիրություն։
Վարդանույշի մոր թափանցող աչքը շուտ վերահասու եղավ այն աղքատության սոսկալի աստիճանին, որուն քողին ներքև կը մաշեր տարաբախտ ընտանիքն Վարսամյան։ Տիկին Երանյան առանց զգացնել տալու հոգաց ամեն պիտույքը սույն չքավոր անձանց՝ իբր թե յուր հասուցած դրամական օգնությունը պարզապես փոխատվություն լիներ և ոչ թե ողորմություն։
Եթե մեծ է ողորմած սիրտը, ևս առավել մեծ է յուր նվերը մատուցանելու ազնիվ եղանակավը, երբ կը ջանա չվիրավորել այն դյուրազգաց հոգին որ նվաստանալը կիմանա շնորհապարտ մնալու ժամանակ։
Արաքսիա ոչ ևս կարենալով ծածկել ընտանեկան գաղտնիքը զոր տիկին Երանյանի փափուկ ընթացքն անգիտանալ կը ձևացներ, խոստովանեցավ վերջապես իրենց գտնված թշվառ կացությունը հայտարարելով յուր հաստատ դիտավորությունն ընտանյացն ապրուստը հոգալու, քանի որ բնավ հուսո նշույլ չկար իրենց համար ոչ ուրեք։
— Ո՜հ, — գոչեց Վարդանույշ,— ինչո՞ւ գանձեր չունիմ քու վրադ թափելու համար, Արաքսիա՛։