Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/468

Այս էջը հաստատված է

պայմաններով իբր վարժուհի պիտի երթամ երկու փոքրիկ աղջկունք դաստիարակելու համար։

— Ո՜հ, ի՞նչ ըրիր, որո՞ւ հաղորդեցիր մեր գաղտնիքը, որպիսի հիմարություն ըրիր,— գոչեց սրտմտյալ մայրը։

— Մի՛ նեղանար խնդրեմ, այլ անսա՛ խոսքերուս, մա՛յր։

— Ըսելիքդ գիտեմ։

— Երբ դու հիվանդանալով վիճակդ օր ավուր ծանրացավ և սպառնացող կերպարանք մ՚առավ, դիմեցի մեր սովորական օգնության աղբյուրին։ Բայց բարեպաշտ տիկինը մերձ ի մահ լինելով հույսերս փշրվեցան, հետևապես պարտավորեցա դիմել Երանյան ընտանյաց որ փոխատվության եղանակավ մեր պիտույքն հոգաց։

— Վա՜յ ինձ, անոնք մեր գաղտնիքն իմացան. ուրեմն անոնք մեզ ողորմությո՞ւն տվին։

— Հանգիստ եղիր, մայր, ընդունածս պիտի հատուցանեմ օր մի։

— Ի՜նչ դժբախտություն է այդ ինձ համար այսպես խայտառակության առարկա լինելը։

— Ամաչելու պատճառ մի չունինք, մայր, զի աղքատությունը անպատվություն չէ։

— Ըստ քեզ գուցե։

— Այո՛, մայր, ըստ իս աղքատությունը փշոտ ճանապարհ մ՚է ուր արիաբար մարտնչելու է ընդդեմ խոչընդոտից որք մեն մի քայլի կը ներկայանան։

— Զքեզ լսողը պիտի կարծե թե չքավորությունը կը պաշտես։

— Ոչ, մայր. չեմ պաշտեր զայն քանի որ զրկանաց կը դատապարտե զձեզ, այլ կը պատրաստվիմ դիմադրել անոր՝ վիճակ մ՚ապահովելով մեզ։

— Վստահ եմ որ այդ մասին ևս Երանյանց դիմեցիր դարձյալ։

— Անշուշտ, մայր։

— Ո՜վ գիտե որչափ արհամարհեցին զքեզ։

— Ընդհակառակն տիկինը հիացավ։

— Կը փափագեի ուրեմն որ անոնք ևս մեր վիճակն ունենային օր մի բացարձակապես հայտնելու համար քեզ որ քու