Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/47

Այս էջը հաստատված է

ազգս կը մնա ինձ միայն և դու, Մայտա՛․ թե ազգիս և թե քեզ անօգուտ եմ սակայն, ավելորդ կյանք մ՚է իմս։ Ինձ վիճակեցավ ապրիլ հեռի իմիններես. սակայն չեմ վհատիր, կը ցավիմ միայն, կը համբերեմ, և այն դույզն ինչ որ կարող եմ գործել իբրև ազգային և իբրև անհատ՝ չեմ խնայեր երբեք։

Այս կղզին զոր երկինք օժտած Է նարնջենյաց և ձիթենյաց անտառներու մասնավոր գեղեցկությամբ, ուր քաղցրաբույր սյուք մի կը փչե անընդհատ, կարծես թե գոհար մ՚է որ Հոնիական ջուրերու վերև գեղանազ կը կանգնի առանց ընկղմելու։ Հոս կյանքս բնության հետ կապվեցավ։ Փորձեցի քանի մի խելացի անձինք գտնել և եթե կարելի Է ընտիր ընկերություն մի կազմել, սակայն չհաջողեցա բոլորովին, որով գրեթե մենակեցության դատապարտված եմ։ Ընկերության հարաբերությունները կ՚ըմբռնեմ ցորչափ չեն հարկադրեր զմեզ մտավոր աշխարհին աստիճաններեն վար իջնալ, հասկնալի ըլլալու համար այլոց, և ցորչափ այդ հարաբերություններեն կը բղխի ներդաշնակություն կամ ընդհարում, ծնունդ համանման կամ հակառակ հաստատուն գաղափարաց։ Ընդհանրապես մարդկանց քարոզած իմաստներն ոչ թե իրենց համոզման արդյունքն է, այլ դիպվածույն, շահախնդրության և կամ օրվան տիրող կուսակցության և սկզբան։ Դյուրին Է հայնժամ նշմարել անոնց խոսակցությանց մեջ թեթևսոլիկ և հակասական իմաստներ ու խորհրդածություններ, բնական հետևանք գաղափարաց որք հաստատ հիմունք չունին։

Իսկ մեր սեռին գալով չարախոսությունը կամ պճնասիրությունը խոսակցությանց գլխավոր նյութը կը կազմե։ Կանանց շատերը կը դատապարտեն բարձրաձայն ինչ որ կը փափագին գաղտագողի գործադրել և կամ կը գործադրեն արդեն։ Զիրար կը պատառեն, թաքուն մրցմամբ կը կորսվին, և այս հակառակության ոգին իրենց ընկերական տկարությունը կազմելով կը սաստկացնե դառնալից կացություն մ՚որ եռակի ներգործությամբ կը ճնշվի, այսինքն ներգործությամբ օրինաց, կրոնից և նախապաշարմանց։ Կանանց գլխավոր թշնամին կինն Է իսկ, զի միշտ ի դարան կը մտնե իբրև լրտես հրապարակ հանելու մտոք անմեղ կամ մեղավոր սրտի գաղտնիքն,

25