Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/470

Այս էջը հաստատված է
ԳԼՈԻԽ Է․

Հասավ վերջապես օրն հորում Արաքսիա պարտավորեցավ ընտանիքեն բաժնվելու։ Յուր խեղճ հայրն այդ բաժանման դառնությունը սաստկապես կզգար, զի կնոջը խիստ վարմունքը աղջկանը գորովագութ խնամոքը կը մեղմանար դույզն ինչ։ Ամեն ծանր խոսք, ամեն անիրավ կշտամբանք գրգիռ մ՚էր միշտ կուսին սրտին գանձերեն նոր սիրո ապացույց մի երևան հանելու։ Ուստի դյուրին է երևակայել թե թշվառ մարդուն համար որքան տառապեցուցիչ էր առանձին մնալու հարկն ամուսնո մի հետ, որուն համար ինքն անհանդուրժելի բեռ մ՚էր։

Զայդ լավ կըմբռներ Արաքսիա, կը ցավեր հորը վրա, արգահատանք կզգար, և կը ջանար նույնն զգացնելու և յուր մոր, բայց իզո՜ւր։ Այո՛, կը մեկներ, և յուր հոգին կարյուներ ոչ այնչափ զյուր մայրն թողլուն համար՝ որչափ յուր տառապյալ հայրն, որուն դժբախտ կացությունր հօդ մ՚ավելի էր զյուր սիրտ առավել ևս գորովով կաշկանդելու։ Բայց չկար ուրիշ միջոց ապրուստի և հարկ էր մեկնիլ անպատճառ։

Բավական չէր հեգ հոր համար տեսնել զյուր որդին որ կը թողուր հայրենի հարկն՝ այլ դատապարտված էր անսալ և յուր կնոջ որ անընդհատ զինքը կը հանդիմաներ իբր իրենց դժբախտության պատճառ։

— Այր մարդուն պարտքն է,— կըսեր կինը,— դրամ վաստկիլ և ընտանիքը խնամել։ Իսկ դու ոչ միայն զայդ անկարող ես գործելու այլ և կը պարտավորես իմ միակ զավակս տունեն դուրս ելնելու։ Քեզ նման այրեր լավագույն է որ չի ծնանին, զի պարզապես բեռ մ՚են աշխարհիս վրա։

Ողորմելի զոհը կը լռեր ընդհանրապես․ բայց օր մի ոչ ևս կարողանալով տոկալ այդ հանապազօրյա հանդիմանությանց, հիշեցուց կնոջ թե անցյալ դյուրակեցիկ օրերն իրեն կը պարտեր, և թե ինքն ճոխությանը վարժ չէր յուր հայրենի հարկին ներքև մինչ աղջիկ էր տակավին։

Հայնժամ գոռոզ կինը մարդուն վրա հարձակեցավ բոցավառ աչերով, փրփրալից բերնով, որոտացող ձայնիվ, ու պատասխանեց թե յուր գեղեցկությամբն իրավունք ուներ ամենեն