Մայրը կը նայեր անոր իրավացի հպարտությամբ իմն, մտածելով թե այդ չնաշխարհիկ արարածն յուր սեփականությունն էր։
Մեծ գոհունակությունը կարծես ճակատագրական օրինաց հակառակ է։ Աբգարյան կենաց հորիզոնը խիստ պայծառ էր երկարատև շարունակություն մ՚ունենալու համար, հետևապես մթագնեցավ։ Ահարկու սև ամպ մ՚անցավ այդ ընտանյաց վրայեն, որոտաց, փայլատակեց, ու շանթահարեց վերջապես զտիկին Աբգարյան։
Ազնվասիրտ կինն ութ օրվան միջոցին մեջ հիվանդացավ ու մեռավ բժշկական ամենայն ազդու մջոցաց դեմ ըմբոստ մնալով։ Մեռնելու ժամանակ տիկինն յուր գորովալից երախտագիտությունն ամուսնույն նվիրեց, իսկ զհամայն հոգին՝ յուր որդվույն։ Այդ սիրո փարոսը նվաղեցավ հանդարտորեն ինչպես փայլած էր երբեմն մեղմիկ և անշշուկ։
Մեռավ տիկին Աբգարյան մինչև երեսուն երեք տարեկան էր, տակավին յուր ամուսինն անմխիթար կերևար, և մեն մի անգամ որ կնոջը բարեմասնությանց հիշատակությունը կը լիներ, ցավը կը սաստկանար ու չարաչար կը հուսահատեր։
Իսկ Ներսես՝ որ նույն միջոցին տասն և ութերորդ տարին լրացուցած էր, առանց հոգվո մարմին մի դարձավ։ Յուր մորն աչքերեն ու հոգիեն կը քաղեր եռանդն աշխատության ու բարեգործության։ Երբ նա մեռավ՝ ինքը ջլատեցավ, վհատեցավ, գոգցես դիակնացավ։ Ջախջախված էր էլեկտրական թելն որուն մեկ ծայրը մորը սրտին կապված էր և մյուսն յուր սրտին, և ուսկից սիրո և խրախուսանաց հորձանք մի կանցներ անդադար։ Պարապ մի կը նկատեր տան մեջ, պարապ մի սրտին մեջ՝ որ մեն մի օր կընդլայներ։
Քանիո՜ն դառն է սիրամաշ հոգվո համար չտեսնել ու չփայփայել գանձն այն որ համայն գութ էր իրեն համար, որ սեր էր, ներշնչումն և անձնվիրություն։ Ոչինչ կա յուր տեսության համար, ոչինչ՝ յուր լսողության համար։ Եվ սակայն նայվածքն է որ զմեզ կոգևորե, ձայնն է որ «Հառաջ» կը գոչե:
Հիշատակ մի կար միայն Ներսեսի համար, և այդ հիշատակն յուր վրա կը ներգործեր իբր սրբանվեր թանկագին