Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/476

Այս էջը հաստատված է


էր, ավելի խորունկ, ավելի վսեմ նրբություններ կը պարունակեր։ Մին էր սովորականը, մյուսն՝ անսովորը։ Ինչ որ միույն համար բավական էր, մյուսին համար անբավական էր։ Ինչ որ էր հորն համար կանոնավոր աշխատությունը, որդվույն համար էր օգտակարը, լավը և սերը։

Պ. Աբգարյան կը հայթայթեր որդվույն ամեն խնամք, ամեն արգահատանք և ցույց սիրո։ Զայդ ամենայն կընդուներ Ներսես երախտագիտությամբ, բայց կզգար միշտ պարապ մի շուրջը որ իրեն անհնար էր լեցնել․ առանձին կզգար յուր անձն երկրիս վրա, և հինքն ամփոփվելով, ուսման մեջ կուզեր գտնել սփոփանք յուր սրտին՝ ու մտացը ճարակ։

Պ․ Աբգարյան դառնապես զգաց նախ կնոջը կորուստը, բայց վերջապես մտածեց թե մեռյալը ետ չէր կարող բերել վշտովն, հետևապես ջանաց մխիթարվիլ և ստուգապես մխիթարվեցավ։ Ուստի հազիվ երկու տարիներ անցած էին յուր այրի կացության վրա, և ահա մտադիր էր հաջորդ մի տալ յուր հանգուցյալ կողակցին։

Բնական օրենք դարձած է գոգցես, որ այրի մարդիկ ամուսնության ձեռնարկեն։ Եթե բարեբաստ էին առաջին ամուսնությամբ, կը կրկնեն զայն վերստին երջանիկ լինելու տրամադրությամբ։ Իսկ եթե դժբախտ՝ լավագույն ամուսնության հուսով երկրորդ պսակադրության կը դիմեն։

Պ. Աբգարյան որուն ամուսնական երանության վրա տարակույս չունեինք, երբ սգո պատշաճողական ժամանակը լրացավ, և օրինավորապես ու ամենայն խղճմտությամբ ողբաց զյուր հանգուցյալ ըրնկերուհին, երկրորդ անձ մ՚որոշեց իբր տիրուհի յուր բախտին։

Հույս ուներ թե բախտը նույնչափ նպաստավոր պիտի լիներ իրեն երկրորդ անգամ որչափ առաջինն։ Հետևապես հավանեցավ առնուլ ի կնություն չքնաղ որբ երիտասարդուհի մի որ անշուք ընտանյաց կը վերաբերեր, առանց որևէ խուզարկությունը մ՚ընելու անոր բնավորության վրայոք։

Երբ իմացավ Ներսես հորն ամուսնանալու ըրած որոշումն կարծես թե հիմարեցավ։ Չէր բավեր իրեն զմայրն յուր կորսրնցնել, և ահա օտարական մի կուգար անոր տեղը գբավել։ Սաստիկ սրտմտություն զգաց հորն ընդդեմ, և յուր անձը հիվանդ