Այր մարդն որ վայրիկ մի քաջություն ունեցած է կնոջը դիմադրելու՝ զամեն ինչ կը մոռնա հանդեպ նազելանաց գեղանվույն, կը թուլանա կատարելապես, և կինն օգուտ քաղելով այդ տկարության վայրկյաններեն՝ յուր իշխանությունն ևս քան զևս կը հաստատե։ Մարդս նույն դյուրությամբ կը վարժի բռնության ինչպես հպատակության. առաջին պարագային մեջ գոհունակություն կա, իսկ երկրորդին մեջ կամավոր համակերպություն։
Տիկին Աբգարյան յուր ունեցած իշխանութենեն օգուտ քաղեց ստանալու համար գեղեցկագույն զարդերը, ադամանդները և կարասիները։ Բերայի բնակությանն այնպիսի շքեղ կերպարանք մի տվավ որ ճոխությամբը կրնար մրցիդ ընտրելագույն տանց հետ։ Սպասավորաց բազմությունն և մանավանդ կառաց շքեղությունը զինքը նշանակելի կընեին ամենուրեք։
Չարալեզու վերջին ծայր՝ այդ կինը կը մեղադրեր այլոց վրա ինչ որ անձին առատորեն կը ներեր, ու արվեստավորյալ պարկեշտության քողին ներքև ջանադիր կը լիներ ծածկել բոլոր թեթևություննեըը։ Գլխավոր հաճույքներեն մին էր զարդարվիլ, զարմացողացն թիվն ստվարացնել, ու սրտի զոհեր կատարել։
Յուր խոսակցության հաճոյական նյութն էր նորաձևությունն։ Երբ տիկնոջ մի հանդիպեր, գլխեն մինչև ոտքն աչքե կանցըներ զայն, նոր քննադատության նյութ հայթայթելով անձին. զգեստուց խնդիրն էական պայման մ՚էր իրեն համար, ու կնոջ մի արժանապատվության աստիճանը հագածներեն կը դատեր ինչպես և ունեցած ընկերական վիճակեն։
Իսկ Ներսեսի գալով երբ հորը թախանձանքեն շարժյալ հաճեցավ վերստին հայրենի հարկը վերադառնալ, անզուսպ հակակրություն մ՚զգաց մորվին դեմ, և այդ աննպաստ զգացումն ևս քան զևս սաստկացավ, թեև երբեք քաղաքավարական պահանջմանց դեմ չգործեց։ Ստույգ է որ դժգոհ լռությամբ իմն կը դատապարտեր հորը տկարությունը կնոջը նկատմամբ։
Երիտասարդին ծանր և վայելուչ վարմունքն առաջի օրեն պատկառանք ազդեց տիկին Աբգարյանի, և տարիներ բոլորելով