Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/480

Այս էջը հաստատված է

մարմարյա. հիասքանչ սրահի մի մեջ մտավ ահագին հայելիներով և ոսկեզօծ կարասյոք զարդարյալ, որուն որմերեն վար կախված էին երևելի հեղինակաց նկարներն, ու ձեղունին մեջտեղ կը ցոլար ճաճանչալից փառավոր ջահ մի։

Արաքսիա գոհունակությամբ նայեցավ բոլոր այդ ճոխությանց, զի կը գնահատեր ինչ որ արդյունք էր լավ ճաշակիդ և մանավանդ ինչ որ երևելի հանճարի մտաց արտադրություն էր։

Փոքրիկ վայելուչ սենեկի մ՚առջև հասան․ սպասավորե հրավիրեց զինքը ներս մտնելու և սպասելու մինչև որ, կըսեր, տիկինը հրամանները տա իրեն, և ապա մարդն անհայտ եղավ։

Տիկին Աբգարյան երջանիկ էր մեն մի անգամ որ կրնար իբր թագուհի ներկայանալ խոնարհագունից աչաց, շլացնել զանոնք յուր հարստությամբն, ու պատկառանք ազդել ձևերուն գոռոզությամբը։

Հետևապես երբ սպասավորն ներկայացավ տիկնոջ իմացնելու համար վարժուհվույն գալուստը, նա սեգ եղանակավ պատասխանեց․

— Թո՛ղ սպասե։

Գրեթե կես ժամ անցավ և ապա տիկինն ոսկեզօծ արևելյան կերպասե առավոտյան զգեստ մի հագած տարածվեցավ սրսկապանին (boudoir) մեջ գտնված բազմոցներեն միույն վրա՝ որ նույնպես արևելյան ճաշակին համեմատ կարմիր ու դեղին մետաքսյա կերպասով շինված էր։ Որմերն զարդարված էին թանկագին գորգերով որոնց վրա սփռված էին կլորաձև փոքրիկ արծաթապատ հայելիներ, նույնպես և գետինը ծանրագին գորգ մի տարածված էր։ Աստ և անդ փոքր սեղաններ՝ արուսյակով զարդարված՝ հնության վերաբերող այլ և այլ նյութերով բեռնավորված էին, միույն վրա արծաթյա խնկաման մի կար որ անուշաբույր հոտեր կը ծավալեր շուրջ, հեշտության զարմանալի ազդեցություն մը ներգործելով։

Սենեկին մեկ անկյունը չափավոր մարմարիոնե ավազան մի կը շողշողար․ հո՛ն կը լվացվեր տիկինը, երեսը սրբելով բարակ կտավներով ոսկեզօծ ջուրքերով բանված։

Բայց այս արևելյան ոճով սենեկին գեղեցկագույն զարդն՝