Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/486

Այս էջը հաստատված է

զգացած երկյուղը, ինչպես և հորն համար ունեցած արգահատանքը չլիներ, կրնար ըսվիլ թե նա բավական գոհացուցիչ կացություն մի ապահոված էր անձին, նամանավանդ որ ընդունած թոշակավն կրնար չափավոր հանգստություն մի վայելել տալ ընտանյացը, և այդ էր իրեն համար գլխավոր կետն յուր բաղձանաց։ Աշխատությունն այն զոր կերազեր՝ թույլ կուտար վերջապես իրեն իրականացնել գործելու սկզբունքը, և այնչափ գոհացուցիչ կերպիվ վայելել անոր արդյունքը ի նպաստ յուր սիրելյաց։ Թվեր իրեն թե ինքն նոր անձնավորություն մ՚էր, թե օգտակար անհատ մ՚էր, թե վերջապես կարող էր ըսել անձին «Ես ևս ի հաշիվ կրնամ մտնել ես ինձմով, զի կամեցա, կարողացա, աշխատեցա»։

Բայց եթե այդպիսի գոհունակություն իմն կզգար օրիորդն, ոչ այնպես էր անոր մորն նկատմամբ։ Տիկինն անկարող էր համակերպելու այն հարկին որ կստիպեր զյուր դուստր օտար իշխանության հպատակելու, նամանավանդ կանգիտանար գոռոզ և արհամարհոտ ձևերը տիկին Աբգարյանի յուր դստեր նկատմամբ, զի Արաքսիա՝ ի մխիթարություն ծնողացն, յուր վիճակը նկարագրած էր միշտ իբր մին ի լավագունից:

Բայց եթե օրիորդն գրեթե սեղանի ժամանակ տեսնելով զյուր տիրուհին կենթարկվեր անոր արհամարհանաց, ուներ ի փոխարեն ամեն վայրկյանի գողտրիկ սերը յուր աշակերտուհյաց՝ որոնց համար ստիպողական պետք մի դարձած էր ինքն։

Իսկ Պ. Աբգարյանի վարմունքը քաղցր էր վարժուհվույն նկատմամբ բայց խիստ զգուշավոր. զի եթե սովորականեն ավելի քաղաքավարություն մ՚ըներ՝ տիկնոջ խոժոռ նայվածքը կը հրամայեր շուտով վերջ տալ այդ ընթացքին։

Իսկ Ներսես պատկառ համակրությամբ կը շարունակեր յուր վարմունքը երիտասարդուհվույն հետ, նույն համակրությամբ փոխարինվելով անոր կողմանե:

Թվեր Արաքսիայի թե Ներսեսի վայելուչ ձևերն ու իմաստալից խոսակցություններն էին պատճառ յուր զգացած գոհունակության ի ներկայության անոր, ու կանգիտանար թե սերն յուր հիմունքը հաստատորեն կը ձգեր յուր անարատ սրտին մեջ։ Երբեմն երիտասարդին հետ խոսած ժամանակը