Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/488

Այս էջը հաստատված է


առավելությունքն դուրս պիտի ցայտեին հաղթական կերպիվ։

Տան տիկնոջ հաշվույն մեջ չկար ոչ յուր ամուսինն և ոչ յուր զավակները մասնակից ընել այդ դաշտային խնջույքին։ Բայց Ներսես այլօրինակ մտածեց, որով անտարբեր մայրը պարտավորեցավ միատեղ առնուլ երկու աղջիկներն իրենց վարժուհվույն հետ ի միասին։ Իսկ Պ․ Աբգարյան ընդդիմացավ տղուն թախանձանաց, գուցե կնոջ լուռ հրամանացն հպատակելու համար։

Թեև շլացուցիչ էր Արաքսիայի գեղեցկությունն, այսուհանդերձ տիկինը կարհամարհեր զայդ, զի կը մտածեր թե ի՜նչ էր վարժուհի մի որպեսզի անձն ի նկատի առնվի, մանավանդ ի ներկայության յուր, երբ այնչափ շքով և զարդով կը փայլեր ինքն։ Հետևապես և ոչ իսկ ուշադրություն ըրավ անոր՝ ըստ յուր սովորականին։

Զվարճության իբր վայր ընտրվեցավ Ֆլորիան՝ Սան-Ստեֆանոյի զբոսավայրը, որ Մարմարա ծովուն վրա կը տարածվի։ Այդ սիրուն դաշտը հովանավորյալ է ալևոր ծառերե, և անոնց մրմուջը հարատև պատմությունն է գոգցես այն նշանավոր պատմական արկածից որոնց ականատես եղան իրենք։ Ծառոց շքուն ներքև ընդարձակ ավազաններ իրենց խաղաղ ջուրերը կը տարածեն, և հոն ի խաղ կը մտնեն թափառական անհամար տերևներ՝ երիտասարդ և փախստական սերունդ ալևոր ծառաստանին։ Հույլք թռչնոց կապաստանին այդ տերևազարդ շարժուն շենքերուն մեջ, ծառոց խորհրդավոր բարբառին միացնելով իրենց քաղցրալուր վանկերն ու հորինելով սիրո ներդաշնակությունը. նվագ և թռիչ թռչնոց հարատև կենդանություն կը կազմեն այդ ծառաստանին մեջ որ նախասահմանյալ է լինելու բույն անմեղ զբոսանաց։

Մինչ խուռներամ բազմություն մի մարդկանց, կանանց և տղայոց կը խռնին դալարյաց վրա իրենց խնջույքը կատարելու, երգելու և պարելու համար, հանկարծ կը լսվի մոտակա պայթյունը հրացանի մի որ կուղղվի ընդդեմ անմեղ թռչնոց՝ երկյուղ ազդելով խաղաղասեր հանդիսականաց ։

Արեգակն ամառն ի բուն պայծառ ճառագայթներովը փայլելե հետո, և բնության վրա տարած հաղթանակեն հոգնած։