Երիտասարդներեն ոմանք նկատելով հրաշագեղ գեղեցկությունը աղջկան, ինչպես և համեստ ու վայելուչ բարմունքը, մոտեցան աստիճանաբար անոր ու սկսան հետը խոսակցիլ։ Վարժուհին՝ առանց զանոնք քաջալերելու և սակայն առանց անքաղաքավարություն մի գործելու, ազնիվ բայց համառոտ կերպիվ պատասխանեց, և օգուտ քաղելով վառվռուն Արմինեի խաղերուն հարուցած աղմուկեն, թողուց երիտասարդներն ու ոչ ևս անոնց մոտեցավ, իբր թե աշակերտաց վրա մոտեն հսկելու դիտավորությամբ։
Ներսես առանց օրիորդին քովն երթալու կը դիտեր զայն ի հեռուստ։ Երբ երիտտսարդներն շրջապատեցին զվարժուհին՝ նախանձու խայթվածք մ՚զգաց, ինչպես և սփոփում անոր հեռանալը նշմարելով, ու ինքնիրեն զարմացավ այդ տարօրինակ զգացմանց վրա։
Իսկ երիտասարդներեն մին՝ ի վրեժխնդրություն տիկնոջ բռնավոր ընթացից յուր նկատմամբ, հարմար առիթ դատեց արտասովոր հիացում մի հայտնելու օրիորդին շնորհաց, ինչպես և անոր խոսակցության եղանակին վրայոք, և այսպես հաջողեցավ սեգ նախանձը շարժելու։
Ի խոր խայթվելով այդ գովասանությունքն լսելով՝ այլագունեցավ, ակռաներովը շրթունքը չարչարեց և ապա արհամարհոտ եղանակավ մ՚ըսավ տիկինը.
— Կը զարմանամ որ կը խոնարհիք վարժուհվո մի վրա աչք դարձնելու։
— Կը կարծե՞ք,— պատասխանեց երիտասարդը,— թե կին մի շնորհալից ու ախորժելի չէ վարժուհի լինելուն պատճառավ։ Ընդհակառակն աղջիկն այն որ յուր աշխատությամբը կապրի՝ նոր փայլ մի կավելցնե անձին։
— Գուցե,— ըսավ սրտմտյալ կինը,— ձեզ նման անձանց համար վարձկանի վիճակը հրապույր կունենա, իսկ իմ մասիս կը խոստովանիմ որ մեծությանը և ճոխությանց մեջ ապրելու վարժ անձինք պարզապես կարեկցություն կրնան զգալ, և պատառ մի հաց հայթայթել անոնց որպեսզի՝ անոթութենե չի մեռնին։
Երիտասարդը սաստիկ բարկանալով այդ ուղղակի ակնարկութենեն