— Մի՛ մոռնար սակայն,— ըսավ գոռոզ կինը,— որ քու պաշտոնդ տանս մեջ սպասավորել է և ոչ թե հյուրերս մեծարել. այդ վերջին հոգը ինձ կը պատկանի միայն։
Ներսես՝ ի լուր այգ արհամարհոտ բառերուն յուր մորվին, զգաց որ արյունը գլուխը կելներ, նկատելով մանավանդ հուզյալ վիճակը վարժուհվույն՝ առավել ևս բորբոքեցավ և տիկնոջ մոտենալով ըսավ դառնությամբ.
— Տիկի՛ն, իրավունք չունիք այդպիսի անարգանոք վարվիլ օրիորդին հետ։ Նա ձեր տունը եկած է իբր դաստիարակ և ոչ իբր աղախին, ապացույցն ալ այն է որ ձեզ ընկերակից և սեղանակից է. հետևապես իրավունք ունի ձեր հյուրերուն հետ խոսակցիլ ցորչափ վայելչության կանոնները կը ներեն։ Իսկ այս մասին կրնամ ապահովել զձեզ թե օրիորդն ամենայն արժանապատվությամբ վարվեցավ մինչև ցարդ։
Տիկնոջ արյունը սկսավ եռալ երակացը մեջ նկատելով թե Ներսես այդչափ եռանդյամբ կը պաշտպաներ զվարժուհին։ Անկարող լինելով անոր վրա արձակելու գոռոզության ու դժգոհաթյան հարվածները, կռնակը դարձնելով հեռացավ մրմռալով հետևյալ խոսքերը.
— Չգիտեի թե այս անամոթ վարժուհին այսչափ լավ սորված էր երիտասարդները շահելու արվեստը։
Այդ նախատական բառերն ամենուն իմանալի եղան։ Արաքսիայի դեմքը կարմիր ներկվեցավ։ Իսկ Ներսես արձակեց յուր մորվին արհամարհանաց ակնարկ մի զոր չտեսավ նա սակայն. և ապա օրիորդին դառնալով նայեցավ անոր այնպիսի գորովով որ կարծես թե փոխարինեց զկույսն նույն պահուն կրած բոլոր հալածանացն համար։
Բարեբախտաբար սպասավորին գալուստը նախաճաշը պատրաստ լինելն իմացնելու համար տարբեր ուղղություն մի տվավ շփոթ մտաց։ Ամենքը պետքն զգալով դիմեցին դեպի ընդարձակ սեղանն որ դալարյաց վրա կը տարածվեր, և որ արեգական ջերմութենեն հովանավորված էր թավուտ ծառոց շուքեն։
Տիկին Աբգարյան այդ գյուղային կոչունքին ճոխ կերպարանք