Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/495

Այս էջը հաստատված է


վրա, ու ձեռնաթափ կը լիներ, կը մաշեր ընդ մեջ յուր սրտմտության և որդիական պարտականությանց։

Օրիորդն գրեթե ուտելիքներեն բան չճաշակեց, և եթե քիչ մի բան կերած էր բռնազբոսիկ կերպիվ՝ անձին ձև մի տալու և այլոց աչերեն ծածկելու նպատակավ էր՝ զգացած ներքին պատերազմը։

Վարժուհին ընդ մեջ երկու տղայոց նստած էր: Իրմե քիչ հեռու էր Ներսես որ սաստիկ կը տառապեր օրիորդին տագնապները նշմարելով, զի սիրահարաց հատուկ նուրբ տեսությամբ իրեն սիրելի եղած անձին սրտին խորը կը թափանցեր արդեն։

Թեև երիտասարդն ամենայն զգուշությամբ կը վարվեր Արաքսիայի հետ սեղանի ժամանակ, խորթ մորը կասկածաները չգրգռելու համար, այսուհանդերձ յուր գաղտագողի նայվածքներովը վշտացելույն կարեվեր հոգին կաշխատեր մխիթարել հայտնելով իրեն թե հինքն ուներ բարեկամ մի։ Իսկ Արաքսիա երախտագիտությամբ կը նայեր անոր հիշելով մանավանդ թե քիչ հառաջ որպիսի քաջությամբ զինքն պաշտպանած էր։

Տիկին Աբգարյան ևս զայդ չէր մոռցած. ու թեև կը լրտեսեր Ներսես, սակայն բավական ազատ վայրկյաններ չունենալով նշմարելու համար անոր զգուշավոր նայվածքները, ու մասնավոր կասկածանաց բան չտեսնելով, մակաբերեց թե Ներսես զարմանալի անձ մ՚էր, և թե գուցե ինքնաբերաբար հնազանդած էր յուր սովորական տրամադրության աղքատները ջերմաբար պաշտպանելու։

ԳԼՈԻԽ ԺԶ.

Հետ ավարտման նախաճաշի մեկուսացավ վարժուհին աշակերտուհյաց հետ, և ոչ ևս կարողանալով համբերել, ազատություն տվավ արտասվացն հոսելու։ Երկու տղայք իրենց սիրեցյալ օրիորդին ցավը նկատելով գիրկը նետվեցան ու երկուքը լալով միաբերան ջանացին զինքը մխիթարել, յուրաքանչյուրն զգալու եղանակին համեմատ։