Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/498

Այս էջը հաստատված է

Գիտեմ որ աղքատը բարեկամ չունի, ու արդարև մեծ հոգի մի միայն հրապարակավ կրնա պաշտպան կանգնիլ անոր։

Այդ խոսքերն ուժգին ցնցեցին զՆերսես, գտավ վերստին բոլոր յուր կորովը, և արժանավոր կերպիվ ու ծանր եղանակավ պատասխանեց․

— Օրիո՛րդ, այս պարագային մեջ ըրածս ոչինչ բան մ՚է ըստ ինքյան։ Կը խնդրեմ ձեզմե չի խնայել զիս մեն մի անգամ որ ինձ պետք կունենաք։ Ինձ համար աղքատ կամ հարուստ չկա, մարդ կա միայն. չարը կարհամարհեմ, ազնիվը կը հարգեմ պաշտելով։ Դո՛ւք, օրիո՛րդ, ազնիվն եք, որով պաշտամանցս իրավունք ունիք։

Վարժուհին կարմրեցավ, ու առավել աչերովը քան թե խոսքերովն հայտնեց յուր շնորհապարտ սրտին զգացումները։

Նույն միջոցին երկու տղայք իրենց կը մոտենային։ Արմինե կընթանար ձեռքերն լի ծաղկոք և զանոնք երկու մասի բաժնելով՝ մին եղբորը տվավ, իսկ մյուսը՝ օրիորդին։ Բայց Աղավնի ծանրաքայլ կը հառաջանար միայն փոքրիկ ծաղկի փունջ մի հետը բերելով, և զայն մատույց յուր վարժուհվույն տխուր աչոք նայելով անոր։

— Ինձ ոչի՞նչ կը բերես,— ըսավ երիտասարդն, ժպտելով։

— Դո՛ւ թշվառ չես,— պատասխանեց տղան ու Արաքսիայի նայելով աչեն արտասուք մի գլորեցավ դարձյալ փափուկ այտիցը վրա։

Օրիորդն զինքը բազկացը մեջ առնելով ըսավ.

— Իմ հրեշտակս, զվարթացի՛ր, ես ապերջանիկ չեմ։

Ներսես այնպես ի գութ շսյրժեցավ, այնպես հուզվեցավ որ ինքզինքը ոռնալով գոչեց,

— Ո՜վ իմ հրեշտակս անգամ սիրելի Աղավնիս, այո, իրավունք ունիս պաշտելու այս օրիորդը։

— Հապա ե՛ս,— բողոքեց մյուս գողտրիկ էակը,– մի՞թե ես չեմ պաշտեր զինքը։

— Այո՛, դու ևս անշուշտ կը սիրես զնա, սիրուն քուրիդ կըս,— ըսավ երիտասարդն։— Սիրեցեք զինքն և ես զձեզ կրկին սիրովս պիտի փոխարինեմ։