Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/500

Այս էջը հաստատված է

բուռն եռանդյամբ առավ բազկացը մեջ զԱղավնին՝ որուն համակրական արտահայտությանց կը պարտեր գլխավորապես Ներսեսի գորովանաց ցույցերը։

ԳԼՈԻԽ ԺԷ.

Օրն կը հառաջանար և Տիկին Աբգարյան բնավ հոժարություն չէր հայտներ վերադարձի նշան տալու, այնչափ ինքն գոհ կերևար ծառոց, բնության և երիտասարդաց ընկերութենեն։ Մերթ միույն թևն առնելով պտույտ մի կըներ և մերթ մյուսին։ Ոչ կը ձանձրանար և ոչ ալ կուզեր վերջ տալ յուր զվարճությանց եթե կարելի լիներ արեգակն իսկ պիտի կասեցներ։

Բայց վերջապես հասավ ժամն վերադարձին, զի Ներսես բռնաբարեց կերպով իվիք տիկնոջ կամքն, հիշեցնելով անոր թե խոհեմությունը ձեռքե թողլու չէ աշնան եղանակի մեջ, և թե հարկ է ճամփա ելնել հառաջ քան արևուն մայրը մտնելը: Տիրուհին ակամա հնազանդեցավ, որով քիչ մի ետքը ամենքը հանգստորեն նստած էին ընդարձակ նավակին մեջ զոր չորս առույգ նավավարք հառաջ կը վարեին ի ձայն երգոց արանց և տիկնանց։

Այդ ընդհանուր ուրախության ցույցերուն մեջ Արաքսիա և Ներսես լուռ կը կենային միայն։ Կույսն խռովահույզ՝ կը ջանար ցորչափ պարկեշտությունը կը ներեր իրեն, կարդալ ըստ կարելվույն, երիտասարդին աչաց մեջ յուր կյանքը կամ մահը։ Եվ մեն մի անգամ որ երկյուղած աչերն կուղղեր դեպ անոր որ իրեն հանդեպ նստած էր, կը հանդիպեր նայվածոցն որք անբացատրելի պերճախոսություն մ՚ունեին, ու կը հաստատեին սիրված լինիլն անկե։ Արաքսիա այնպիսի անբացատրելի վայելք մի կզգար որ թվեր իրեն թե յուր գլխույն վրա տարածված կապույտ անծիրը, ինչպես և յուր գոգին մեջ զինքն օրորող հեղուկ անսահմանությունն անբավական էին յուր հոգվույն խանդը բովանդակելու։

Արեգակն իբր հսկա բոցավառ, ջրոց մեջ կիջնար հանգչելու համար և ծովն թվեր իբր ոսկեփայլ մեծատարած անկողին հարդարված ի պետս ցերեկվան իշխանին որ հետզհետե