Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/501

Այս էջը հաստատված է

ամփոփվելով չուր փայլուն մեծության մեջ, ննջեց Հետո ջրողն ի գոգ ինքզինքը ծածկելով։

Լուսինն երևցավ երկյուղալից, մերթ թեթև և մերթ թանձր ամպերե քողարկված, իբր թե ապահովվելու համար թե զինքը նսեմացնող իշխանն ոչ ևս հերկինս կը տիրապետեր, և թե ազատ էր ինքն ևս զերդ աստեղաց թագուհի, արշավել երկնից գիշերամած անջրպետաց մեջ։

Կը սուրար նավը միշտ արագընթաց իբր նետ մի ալյաց մակերևույթին վրայեն։ Բայց ծովն որ հարթահատակ էր, սկսավ հետզհետե ելևէջներ ունենալ, ու աստեղազարդ երկնից երեսը պղտորեցավ։

Նավավարաց աչերն դեպի վեր կուղղվեին անդադար, իրենց նայվածոց մեջ անհանգստության մի կար զոր իզուր կը ջանային ծածկել. իրենց թիավարությունն այնպիսի արագություն մ՚ստացավ որ հայտնի էր թե կուզեին քաղաք հասնիլ հառաջ քան փոթորկին պայթումն։

Ամպերն աստիճանաբար իրարու մոտենալով սև պատնեշներն հետզհետե թանձրանալով սպառնացող մութ զորություն մի կազմեցին։ Հողմն որ մինչ նույն պահուն բավական սանձված էր, յուր ուղղությունը փոխելով՝ հանկարծ հյուսիսային կողմանե սրարշավ եկավ, և իբր թե յուր հանգուցները ջախջախելով՝ գազանի նման սկսավ սուլել, վազել, ջուրերը տակն ու վրա ընել, ու խնդալ ահարկու կերպիվ ի տես յուր չարագործությանց։

Երկինք կերկներ որոտալով, ու գալարելով աղիքներն ահագին ճայթմամբ ծնունդ կուտար շանթին՝ որ իբր հրային հրեշ նորածին, ծովուն կատաղի կոհակաց մեջ կը վիժեր խորասույզ անհետանալով։ Ալեկոծություն մ՚էր բոլոր յուր սաստկությամբը։

Նավակն՝ իբր փրփրադեզ խաղալիք մռնչող կոհակաց, կարծես մերթ ծովուն խորը կիջներ, և մերթ ջրոց ահարկու բարձրության վրա ելնելով՝ վերստին ծովուն անդունդը թվեր թաղվիլ։

Նավավարաց ճիչերը, հուսահատական բացականչությունները, մթությունը, անապավեն վիճակ մի, մահվան տեսարանը, վերջապես ամեն ինչ սարսափ կազդեր նավուն մեջ