Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/502

Այս էջը հաստատված է

գտնվող անձանց։ Ոմանք հուսահատորեն ճիչեր կարձակեին, ոմանք կուլային, ոմանք կաղոթեին, և ամենքն իրենց վերջին վայրկյանը հասած կը համարեին։ Երկու տղայք մանավանդ իրենց սիրելի օրիորդին կը պլլվեին լալով և իրմե օգնություն խնդրելով։ Աղջիկն չուներ բառ մխիթարության զի ինքն նույն բանի կը կարոտեր։

Բայց ահագին կոհակ մի այնպես գահավիժեց զնավակ ծովուն մեջ որ ամենքը միաբերան աղիողորմ ճիչ մ՚արձակեցին իբր մնաս բարյավ կենաց։ Սակայն նավը վերստին ջրուց գագաթն ելավ իբր թե հրաշյուք։

Հայնժամ Արաքսիա բռնելով աղերսագին Ներսեսի ձեռքերը, լալյոք խնդրեց իրմե, որ եթե այդ փոթորկեն կարողանար ազատիլ շնորհիվ լողալու կարողությանն, երթա յուր ծնողաց և հայտնե անոնց թե Արաքսիա իրենց նվիրեց յուր վերջին մտածությունները։

Նույն պահուն կրկին անգամ նավակն թվեցավ ծովուն ալյաց մեջ իջնալ. դարձյալ աղիողորմ ճիչ մ՚ելավ, և դարձյալ նավն վեր բարձրացավ։

Ներսես որ օրիորդին ձեռքը բռնած էր այդ վտանգի վայրկյաններու մեջ, զայն սեղմելով սրտին վրա ըսավ.

— Կամ միատեղ փրկվինք և կամ միատեղ մեռնինք։

Ահավոր էր սիրո այդ դաշնադրությունը մահվան վտանգին մեջ։

Հուսկ հետո վերջացավ մահու և կենաց զարհուրելի խաղը գրեթե կես ժամ տևելե վերջը։ Հողմն՝ հոգնած էր ծովուն ալիքները խառնակելեն և գալարելեն, ու բավականացած՝ ազդած սոսկմանեն ու սրտահուզութենեն, հանդարտեցավ վերջապես: Ծովն որ վայրագորեն կը մռնչեր ու փրփուր կը ժայթքեր, նույն վայրկենին հեզահամբույր կը մրմնջեր նավուն կողերը փայփայելով, իբր թե ի նշան զղջման յուր գործած անօրենությանց համար: Իսկ երկինք հետ որոտմանցն և պայթմանց կը հանգչեր լռությամբ։ Մինչ լուսինն որ դեմքը ծածկեր էր կարծես չուզելով յուր վճիտ նշույլյուքն ավերման ու կործանման տեսարանաց գործակից լինել, փայլեցավ ամենայն գեղեցկությամբ ամպերն իրմե արտաքսելով։

Երբ ամեն ինչ հանդարտեցավ և սրտերը հանգչեցան,