Տիկին Աբգարյան մասնավոր խնամոք զարդարել տված էր յուր Բերայի տան պարտեզը, թեև ընդարձակությամբն զարմանալի չէր այն, սակայն ծառաստաններովը, կանաչ թանձր հովանիներովն ու մասնավոր ճաշակավն, սքանչելի էր ու ամեն հիացման արժանի։
Ամեն առավոտ վարժուհին պարտեզ կը տաներ տղայքը մաքուր օդ ծծել տալու և սակավ ինչ մարմնամարզություն ընել տալու համար։
Նույն գիշերն Արաքսիա ևս երկար ժամանակ անքուն մնացած էր մտացն ու սրտին մեջ հերյուրելով օրվան և գիշերվան պարագաները, և բյուրիցս երկրորդելով Ներսեսի խոսքերը։ Կը մտածեր թե տարակուսանաց պատճառ չկար այլևս, քանի որ վտանգի ժամանակ նույնիսկ երիտասարդն իրեն խոստացած էր ապրիլ և մեռնիլ իրեն հետ։ Թող թե Ներսես ազնվասիրտ անձ մ՚էր, այլ անհնար էր կեղծել վտանգի ատեն երբ մահն այնչափ մերձ էր։ Այդ ապահովությունը կը բավեր զԱրաքսիան աղջկանց երջանկագույնն ընելու համար։ Ի՜նչ երջանկություն, կենակից լինել այդպիսի անզույգ երիտասարդի մի որուն սրտին ու մտաց գանձերն գնահատելու համար վեց ամսվան միջոց ունեցած էր անոր հետ նույն տան մեջ բնակելով։ Կը խորհեր թե հոգի մի որ այնչափ հավատարիմ մնացած էր մոր մի հիշատակին, որպիսի հավատարմությամբ ուրեմն և հաստատամտությամբ պիտի սիրեր կենացն ընկերը։
Ասկե ի զատ վարժուհին ցնծությամբ կը մտածեր թե յուր ծնողացը կենաց բարելավությունը պիտի հաստատեր, թե հայրն ոչ ևս յուր մոր մեղադրանաց առարկա պիտի լիներ երբ ինքն գեղեցիկ վիճակի մի հասներ, և այս վերջին պարագան մանավանդ զինքն անհուն գոհունակությամբ կը համակեր։
Արաքսիա կը բաղձար արթուն մնալ յուր երանության ամեն մեկ մասը հանդարտորեն վայելելու մտոք գիշերային առանձնության և լռության մեջ։ Բայց վիշտն ինչպես երջանկությունը զմարդ թմրեցնելով կը հոգնեցնե, որով վերջապես քնո մեջ իյնալով կը հանգչի և կը վերականգնի։