Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/506

Այս էջը հաստատված է

և խնդրեց որ օրն ի բուն անկողնո մեջ մնա իբր խոհեմության միջոց։ Սիրով հնազանդեցավ սիրուն էակն, և ահա վարժուհին որ քիչ մի ետքը նստավ հիվանդին սնարին մոտ հսկողության պաշտոնը վարելու համար, հետևապես նույն առավոտ Արմինեն աղախնո մի խնամոց հանձնվեցավ պարտեզ իջնալու համար։

Ուստի երբ Ներսես սրտահուզությամբ կը դիմեր հայդ վայր վերջնական կերպիվ յուր բախտը վճռելու համար, մեծ եղավ զարմանքն երբ փոխանակ երիտասարդուհվույն աղախին մի նշմարեց։ Իսկ Արմինե ընդ առաջ երթալով եղբորն, փութավ իմացնել քրոջն անհանգստությունն յուր սովորական անհամբերությամբը:

Ներսես սուրաց դեպի սենյակն հիվանդին, բացավ դուռը սակավիկ՝ առանց բնավ ձայն հանելու, և տեսավ զօրիորդն որ գորովանոք կը հսկեր աշակերտուհվույն քունին վրա։ Ներս մտավ ամենայն զգուշությամբ, և սենեկին մեջտեղ կեցած սքանչացմամբ կը նայեր այն անձնվեր էակին որ մոր պաշտոնը կը վարեր այնքան անկեղծությամբ։

Բայց թեթև ձայն մի լսելով վարժուհին գլուխը դարձուց և տեսավ երիտասարդն որ հիացմամբ իրեն կը նայեր՝ թևերը կուրծքին վրա խաչաձև։

Այլայլեցավ, այլագունեցավ կույսն, մինչ սիրտը պայթելու աստիճան սաստիկ կը տրոփեր։

Ներսես անոր շփոթությունն նշմարելով ըսավ.

— Ներեցե՛ք, օրիո՛րդ, հանկարծական գալստյանս և այս դիրքիս: Զձեզ քրոջս անկողնույն քով տեսած ժամանակս՝ հիշեցի մանկությանս այն պարագաներն ուր մայրս քունիս վրա կը հսկեր այնչափ խանդաղատանոք, և սքանչացած կեցա անշարժ, զի ի ձեզ զմայրս թվեցավ ինձ պաշտել:

— Պարո՛ն,— պատասխանեց Արաքսիա, յուր հանդարտ կերպարանքն առնելով,— խիստ հաճելի է ինձ հիշեցնել ձեզ պարագա մի որ ձեր որդիական սրտին համար կարևորություն ունի. զի գիտեմ արդեն թե որչափ սրբանվեր է մայրենի հիշատակը ձեզ համար։

— Եվ արդյոք թույլ կուտա՞ք ինձ որ նվիրական մեռյալի մի հիշատակը ձեզ նման ազնիվ անձի մի գաղափարին հետ