մասնավորապես խնդրեց որ իրենց խոստումն բոլորովին գաղտնի մնա, և մանավանդ տիկին Աբգարյանի կասկածները հարուցանելու համար ամեն ճիգ թափվի. վասնզի համոզված էր որ այդ չար կինն ամեն միջոց ի գործ պիտի դներ յուր ամուսնությունն արգիլելու համար։
Ներսես մեկ տարի պայմանաժամ տվավ Արաքսիայի որպեսզի կարողանա ամեն ինչ կարգի դնել և ըստ արժանվույն իրենց բնակության համար վայելուչ տուն մի ևս պատրաստել։
Երիտասարդը թեև հորը հետ գործողություն կըներ, սակայն յուր հաշվույն համար ևս զատ առևտրական զբաղմունքներ ուներ, որով անկախ վիճակ մի հաստատած էր անձին։
Բայց ինչ որ զվարժուհին անբացատրելի երախտագիտությամբ համակեց՝ Ներսեսի խոստումն էր զպ․ և զտիկին Վարսամյան իրենց տան մեջ բնակել տալու իրենց հետ միասին: Չգիտեր կույսն ի՜նչ բառերով շնորհակալ լինիլ այդ ազնիվ հոգվույն որ յուր ներքին իղձերն այնչափ լավ կը գուշակեր: Ինքն արդարև կր պաշտեր զՆերսես, սակայն եթե հարկ լիներ զոհել յուր սեր ի պետս ծնողացն՝ զայդ ապահովապես կը կատարեր աղջիկն առանց վայրկյան մ՚իսկ դեդևելու։
Արաքսիա հաճություն խնդրեց իրենց փոխադարձ խոստումն յուր ծնողացը միայն հայտնելու և անոնց օրհնություն ստանալու, զի վստահ էր անոնց հաճելի ինչ գործած լինիլ: Առ այդ հավանեցավ երիտասարդն։
Նույնիսկ պ․ Աբգարյան պիտի անգիտանար իրենց սիրային դաշնադրությունը։ Թեև հարց լավագույնն էր նա, հանդերձ այսու Ներսես կը ճանաչեր անոր տկար կողմը կնոջը նկատմամբ, որով կը վախնար թե հակամայս այդ գաղտնիքը կը մատներ յուր ամուսնույն:
Նույն միջոցին սենեկեն ներս վիժեց որոտալից Արմինեն, և հարուցած աղմուկեն արթնցավ քնքուշն Աղավնին տեսնելով առ սնարավ զյուր եղբայր և զյուր վարժուհին։ Ժպտեցավ երկուքին անուշ ժպտով ու հաստատեց լավագույն վիճակ մ՚ունենալ։
Քիչ մի ժամանակ երիտասարդը քրոջը մոտ կեցավ, խոսեցավ անոր, խնդաց, կատակներ ըրավ, և մեկնելու ատեն